ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հարկադիր կատարման գործընթացում ծանուցման խնդիրներ կան, անցում կկատարվի էլեկտրոնային ձևաչափի․ Սիրո Ամիրխանյան

Հարկադիր կատարման գործընթացում ծանուցման խնդիրներ կան, անցում կկատարվի էլեկտրոնային ձևաչափի․ Սիրո Ամիրխանյան

Հարկադիր կատարման գործընթացում ծանուցումների հետ կապված խնդրի լուծման ուղղությամբ իրականացվում են կառուցվածքային բարեփոխումներ։ Նախատեսվում է անցում կատարել էլեկտրոնային ծանուցման համակարգի, և այս պահին ընթանում են համապատասխան իրավական կարգավորումների մշակման աշխատանքներ։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը։   

Հարցազրույցի ընթացքում նա խոսեց թվայնացման և նոր գործիքների կիրառման, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կարգավորումների, անհուսալի վարկառուներին աջակցության, շարժական գրասենյակների գործունեության, կադրերի վերապատրաստման, տեխնիկական վերազինման և առաջիկա տարիների տեսլականի մասին։

- Պարոն Ամիրխանյան, անցել է ավելի քան 100 օր Ձեր նշանակումից։ Ի՞նչ առաջնահերթ ուղղություններով եք սկսել աշխատանքը, և ի՞նչ փոփոխություններ են արդեն իսկ տեսանելի համակարգում։

- Ինչպես նշեցիք, իմ պաշտոնավարումից անցել է ավելի քան 100 օր, և պետք է նշեմ, որ այդ ժամանակահատվածը հնարավորինս արդյունավետ է օգտագործվել՝ ծառայության կողմից արդեն սկիզբ դրված բարեփոխումները շարունակելու և առավել ամրապնդելու համար։ Կարող եմ աշխատանքային ուղղությունները բաժանել չորս մասի։

Առաջին ուղղությամբ իրականացրել ենք իրավական դաշտի բարեփոխումներ։ Նախատեսվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը, և մեր աշխատանքը հիմնականում ուղղված է եղել այդ օրենքի կիրառման ապահովմանը, ինչպես նաև դրա շրջանակում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակմանը։

Երկրորդ ուղղությունը թվայնացումն է։ Այս կապակցությամբ պետք է նշեմ, որ Ծառայությունում գործառնությունները թվայնացված են, սակայն թվայնացումը ենթադրում է շարունակական գործընթաց, և մեր աշխատանքը միտված է եղել այդ ուղղության արդիականացմանը։

Երրորդ ուղղությամբ իրականացրել ենք կադրային և կառուցվածքային բարեփոխումներ։ Իմ կողմից արդեն իսկ նշանակվել են նոր կադրեր, որոնց առջև դրվել է պահանջ՝ ապահովել Ծառայության գործունեության նոր որակ։ Իրականացրել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ։ Եվ չորրորդ ուղղությունը միջազգային համագործակցության խորացումն է։ Մեզ համար առաջնահերթություն է համարվել գործընկերային կապերի ընդլայնումը։ Արդեն ունենք ձևավորված առավել սերտ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների ծառայության և նրա ղեկավարության, այլ պետությունների գործընկեր կառույցների, ինչպես նաև ակտիվ համագործակցում ենք Դատական կարգադրիչների միջազգային միության հետ։

- Ձեր ղեկավարությամբ ի՞նչ նոր մոտեցումներ կամ մեխանիզմներ են ներդրվել, որոնցով դուք ցանկանում եք բարեփոխել հարկադիր կատարման գործընթացը։

- Կառավարության դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը մեր առաջնային ուղղություններից մեկն է, և այդ շրջանակում ձեռնարկվող քայլերն ուղղված են ծառայության գործառնությունների արդյունավետության բարձրացմանն ու բոլոր քաղաքացիների համար արդարադատության հասանելիության ապահովմանը։

Առաջնային ուղղությունը, ինչպես արդեն նշել եմ, թվայնացումն է։ Թեև ներկայում ծառայության համակարգը հիմնականում թվայնացված է, այնուամենայնիվ, թվայնացումը պահանջում է պարբերական բարելավումներ։ Մեր ջանքերն ու միջոցներն ուղղված են այդ գործընթացի կատարելագործմանը՝ ապահովելու, որ ծառայության կողմից մատուցվող բոլոր գործողությունները հնարավորինս հասանելի և արդյունավետ լինեն քաղաքացիների համար։

Հաջորդ կարևոր ուղղությունը վերապատրաստումներն են։ Արդեն շուրջ 100 հարկադիր կատարող վերապատրաստվել է ինչպես Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված դասընթացների շրջանակում, այնպես էլ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ իրականացված ծրագրերի շրջանակում։ Բացի այդ՝ մեզ համար կարևոր է միջգերատեսչական համագործակցությունը։ Նման հաջողված փորձ արդեն իսկ ունենք ՆԳՆ Փրկարար ծառայության հետ, և մեր աշխատակիցները մասնակցել են նաև այնտեղ կազմակերպված վերապատրաստումներին։ Այս ուղղությամբ մեր աշխատանքները շարունակական են։

Դատաիրավական բարեփոխումների շրջանակում ծառայությունում ներդրվել է նաև շարժական գրասենյակների ինստիտուտը։ Այժմ դրանք հաջողությամբ գործում են Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Այս նախաձեռնությունը ցույց է տվել իր արդյունավետությունը, և նախատեսում ենք շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։

- «Կատարողական վարույթի մասին» օրենքում վերջին փոփոխությունները որոշակի անհանգստություն են առաջացրել հանրության շրջանում, մասնավորապես հարկադիր կատարողի որոշմամբ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու հնարավորության մասով։ Ինչպե՞ս է այս մեխանիզմը գործելու, և ի՞նչ երաշխիքներ կան, որ չեն լինի չարաշահումներ։

- Անձի նկատմամբ հետախուզումն իր մեջ կարող է ներառել նաև անձի սահմանահատման արգելք։ Այս հարցում կարևոր է նշել, որ սահմանահատման արգելքը կիրառվում է հարկադիր կատարողի որոշման հիման վրա բացառապես այն դեպքում, երբ հարկադիր կատարողը միջնորդություն է ներկայացնում դատարանին և դատարանն է որոշում կայացնում անձի սահմանահատումն արգելելու վերաբերյալ, և ինքնին դատական ֆիլտրով անցնելը հանդիսանում է երաշխիք, որ այս իրավական գործիքակազմը չի չարաշահվելու։  

Պետք է նշեմ, որ հիմնական նպատակն անձին հայտնաբերելն է կատարողական գործողությունների իրականացման համար, ոչ թե պատասխանատվության ենթարկելը։ Այն դեպքերում, երբ համապատասխան գործիքի կիրառման արդյունքում անձը կհայտնաբերվի, հարկադիր կատարողն արդեն իսկ կարող է քննարկման առարկա դարձնել հետախուզումը դադարեցնելու հարցը։

- Եթե քաղաքացու նկատմամբ հայտարարված է հետախուզում, բայց նա դրսում է և, օրինակ, ունի անձնագրի փոխարինման խնդիր, ի՞նչ լուծումներ եք առաջարկում նման դեպքերում։

- Շատ կարևոր հարց է։ Պետք է նշեմ, որ հարկադիր կատարման օրենսդրությունը չի նախատեսում արգելք անձնագրի փոփոխության վրա հետախուզման հիմքով, և եթե մեր քաղաքացիները կունենան նման խնդիրներ, ապա վերջիններս կարող են կապվել ծառայության հետ, e-request․am  էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով կամ փոստային ծառայության միջոցով։ Ընդ որում, ծառայության հետ կապ կարող է հաստատվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով։ 

Այս հարցում մենք բարձր մակարդակով համագործակցում ենք պետական գրեթե բոլոր գերատեսչությունների հետ, և անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ ենք միջամտել խնդրի լուծման գործընթացին՝ ապահովելով քաղաքացիների իրավունքների իրականացումը:

- Վերջերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես եկավ անհուսալի վարկառուներին աջակցելու նախաձեռնությամբ։ Ի՞նչ փուլում է այժմ այդ գործընթացը։

- 2025 թվականի փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Կառավարության որոշումը, որով հաստատվել է անհուսալի վարկ ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումների կարգը։ Այդ որոշման համաձայն՝ վարկատուների կողմից անհուսալի ճանաչված քաղաքացիների տվյալները Միասնական սոցիալական ծառայության միջոցով փոխանցվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։

Պետք է նշեմ, որ արդեն իսկ մոտ 3950 անձի վերաբերյալ տվյալներ ենք ստացել Միասնական սոցիալական ծառայությունից, այդ անձանց տվյալները վերլուծվել, ֆիլտրվել են, և այն բոլոր դեպքերում, երբ առկա են եղել բոլոր պայմանները՝ անձանց դիտարկել որպես անհուսալի վարկ ունեցող շահառուներ, կայացվել է որոշում նրանց աշխատավարձի վրա 20 տոկոսի չափով բռնագանձում տարածելու մասով այդ կատարողական վարույթների շրջանակում։ 

Միաժամանակ, հարկ եմ համարում ընդգծել, որ ծրագրի շահառուների վերաբերյալ 20 տոկոսի չափով աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու որոշում չի կայացվում այն դեպքերում, երբ պարտապան քաղաքացիներն ունեն գույք, որի վրա հնարավոր է տարածել բռնագանձում և, բացի այդ, նաև ունեն այլ պարտավորություններ, որոնք, ըստ օրենքի, առաջնահերթ են և հարկադիր կատարողի որոշմամբ սահմանվել է աշխատավարձից բռնագանձման այլ տոկոսադրույք։ 

- Որո՞նք են առաջիկա քայլերը ծառայությունը քաղաքացիների համար առավել մատչելի և հասանելի դարձնելու ուղղությամբ։

- Առաջիկայում մենք կրկին քայլեր ենք ձեռնարկելու ծառայության ամբողջ գործընթացների թվայնացման ուղղությամբ։ Ներկայում արդեն ունենք «Անձնական գրասենյակ» հարթակը, որտեղ պարբերաբար իրականացնում ենք համապատասխան տեխնիկական փոփոխություններ: Սակայն նկատել ենք, որ էլեկտրոնային հարթակ մուտք գործելու ընթացակարգը որոշակի դժվարություն է առաջացնում քաղաքացիների համար, քանի որ անհրաժեշտ է ամեն անգամ մուտքագրել ինտերնետային հասցեն և նորից մուտք գործել համակարգ։

Այս խնդիրը հաղթահարելու նպատակով նախատեսում ենք ստեղծել բջջային հավելված, որը հասանելի կլինի Apple Store-ում և Google Play-ում։ Հավելվածի միջոցով քաղաքացիները կկարողանան մեկ անգամ գրանցվել և մշտապես կապի մեջ գտնվել ծառայության հետ՝ ստանալով իրենց վերաբերող բոլոր անհրաժեշտ որոշումները և փաստաթղթերը։

Նոր նախաձեռնություններից է նաև քաղաքացիների զանգերին պատասխանող խմբի ձևավորումը։ Գրեթե բոլոր բաժիններում առանձնացվել է առնվազն երկու աշխատակից, որոնք պատասխանատու են քաղաքացիներին սպասարկելու համար։ Այս փոփոխությունները պայմանավորված էին նրանով, որ շատ էին բողոքները, որ ծառայությունը որոշ դեպքերում անհասանելի է, հնարավորություն չի ստեղծվում ծառայության հետ կապ հաստատել։

Չեմ կարող նշել, որ այս պահի դրությամբ խնդիրը ամբողջ ծավալով վերացված է, սակայն մեր գործողությունները և միջոցառումները շարունակվում են։ 

Նախատեսում ենք նաև արհեստական բանականության տարրերով համալրված մոդուլի ներդրման հնարավորությունը, որը թույլ կտա ինքնաշխատ կերպով պատասխանել որոշ զանգերի և արագ արձագանքել քաղաքացիների բարձրացրած հարցերին։

Այս պահին ծառայության թեժ գծով օրական ստանում ենք մոտ 800-850 զանգ, ինչը նախորդ տարիների համեմատ ավելացել է, ինչը աշխատակիցների ավելացված քանակի պարագայում անգամ  մեծ ծավալ է՝ ամբողջությամբ  սպասարկելու ստացվող զանգերը։

Ինչ-որ առումով օբյեկտիվ է, որ որոշ զանգեր կարող են մնալ անպատասխան, սակայն միաժամանակ գործում են նաև հաղորդակցման այլ ուղիներ՝ ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջի նամակագրությունը, էլեկտրոնային փոստը, և մեր նպատակն է ապահովել, որ որևէ հարց կամ դիմում չմնա անարձագանք։

Բացի այդ, նախատեսում ենք գույքագրման գործընթացում ներդնել տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ պլանշետների կիրառում։ Այս գործընթացը նախաձեռնվել էր մինչ իմ պաշտոնավարելը և նպատակն է թեթևացնել հարկադիր կատարողների աշխատանքը, բարձրացնել թափանցիկությունը և կանխել կոռուպցիոն ռիսկերն ու ենթադրությունները։ Երբ հարկադիր կատարողը մուտք կգործի գույքագրման վայր, համակարգը ավտոմատ կերպով կգրանցի գործընթացը՝ ապահովելով դրա ամբողջական արտացոլումը և փաստագրումը պլանշետում։

- Պարոն Ամիրխանյան, քաղաքացիների կողմից հաճախ հնչում են դժգոհություններ հարկադիր կատարման գործընթացում ծանուցումների հետ կապված, մասնավորապես այն մասին, որ իրենք չեն ստանում տեղեկացումներ կամ դրանց հասանելիությունը ուշացվում է։ Կարո՞ղ եք պարզաբանել՝ ծանուցման մեխանիզմի հետ կապված խնդիրը լուծվա՞ծ է, թե՞ դեռևս առկա են կարգավորման կարիք ունեցող հատվածներ։ 

- Ծանուցման հետ կապված խնդիրներ կան։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Հայփոստ» ծառայության միջոցով քաղաքացիներին ուղարկված նամակների 60-70 տոկոսը վերադառնում է «չպահանջված» կամ «անհայտ հասցեատեր» մակագրությամբ։ 

Հարկ եմ համարում նշել, որ հաճախ քաղաքացին ինքն է հրաժարվում ծանուցումից կամ խուսափում այն ստանալուց, ինչը լրացուցիչ բարդություն է ստեղծում։

Այս ուղղությամբ մենք Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ միջոցներ ենք ձեռնարկում՝ դաշտում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

Մեր տեսլականն է, որ ծանուցումները պետք է ապահովել էլեկտրոնային ձևաչափով և էլեկտրոնային հաղորդակցության կապի միջոցով։ 

Այս կապակցությամբ ընթանում են աշխատանքներ իրավական հստակ կարգավորումներ սահմանելու ուղղությամբ, և կարծում եմ՝ մի քանի ամսվա ընթացքում արդեն կունենանք վերջնական լուծումներ, որոնք հնարավորություն կտան շուտափույթ և ժամանակակից ձևով ապահովել հաղորդակցությունը քաղաքացիների հետ։

- Ձեր կարծիքով՝ ո՞րն է լինելու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զարգացման հիմնական ուղղությունը առաջիկա տարիներին։

- Ծառայության վերաբերյալ իմ առաջիկա պատկերացումները հետևյալն են․ կատարել աշխատանքը բարձր որակով, ապահովել կոռուպցիայից զերծ ծառայության գործունեություն և ստեղծել ամբողջությամբ թվային ծառայություն, որը հնարավորություն կտա թեթևացնել հարկադիր կատարողների աշխատանքը, նաև պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ ապահովելով առավել արագ, օպերատիվ և արդյունավետ ընթացակարգեր։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1219734

  • Կիսվել: