ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հարցը Շուշիի կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության․ Փաշինյան

Հարցը Շուշիի կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում մեկնաբանեց Շուշիի՝ հայկական քաղաք լինել-չլինելու մասին ԱԺ-ում արած իր հայտարարությունը:

Փաշինյանը նշեց, որ այդ հայտարարությունն արել է Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի և 1992թ-ի ժողովրդագրական ստատուս քվոն վերականգնելու մասին Ադրբեջանի պահանջի համատեքստում․

«Այսինքն՝ երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման: Այդ նոր պայմանը հետևյալն էր, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992թ-ի, այսինքն՝ Շուշիի ազատագրումից առաջ առկա ստատուս քվոյի: Ըստ էության առաջարկվում էր, որ Շուշի քաղաքում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ավելի կոնկրետ՝ 96%»:

Նա ընդգծեց, որ այդ առաջարկից հետո իրեն շատերը հրապարակային քննադատել են, թե տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ինքն այդ հնարավորությունը չի օգտագործել․

«Ես ընդամենը արձագանքել եմ այդ հայտարարություններին, թե այդ ովքե՞ր են ու ինչպե՞ս են համարում, որ երբ Շուշիում լինի 96% ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո»։

Վարչապետի խոսքով՝ հարցը Շուշիի կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության։

«Մենք պատմական հարց չենք քննարկում, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբում, այլ քննարկել ենք կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու նախապայման է առաջադրվել՝ ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 92թ-ի ժողովրդագրական իրավիճակին ու ստատուս քվոյին համապատասխան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշեցրեց` իր այդ հայտարարության մեջ ինքը նաև նշել էր, որ ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 92թ-ի ժողովրդագրական տվյալներին համապատասխան, Ադրբեջանը առաջ է քաշել բանակցային ողջ գործընթացի ընթացքում:

Անդրադառնալով լրատվամիջոցների լուսաբանմանը՝ նա ասաց․

«Դուք գիտեք, թե այս հարցուպատասխանի հետ լրատվական դաշտում ում ջանքերով ինչ է տեղի ունեցել»:




  • Կիսվել: