հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հարց կծագի՝ հնարավոր չէ՞ր՝ Գորիս-Կապան ճանապարհին որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր. հնարավոր էր, բայց գինը միջանցքային տրամաբանությունն էր. Փաշինյան

Հարց կծագի՝ հնարավոր չէ՞ր՝ Գորիս-Կապան ճանապարհին որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր. հնարավոր էր, բայց գինը միջանցքային տրամաբանությունն էր. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ օգոստոսից Ադրբեջանն Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում:

«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային-անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ. ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ ու այստեղով իրականացնել երթևեկություն», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը ասֆալտապատվել է ու շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ:

Փաշինյանն ասաց, թե այդ ճանապարհով գնացել է Կապան ու կարող է վկայել՝ ստացել են որակյալ ճանապարհ:

«Երեկ՝ մինչև կեսգիշեր, Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար: Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի տարածքում. խոսքը Էյվազլիի հատվածի մասին է:

«Հիմա կարող է այլ հարց ծագել, իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների ու բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր. հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար», - ասաց վարչապետը:

Նա պնդեց՝ երբևէ չեն քննարկել ու չեն քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն:

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կոմունիկացիաները ապաշրջափակելու մասով, ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակելու հարցում ու հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված ու հայտարարված սկզբունքների հիման վրա», - հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես Գորիս-Կապան ճանապարհին անցման տեղերում կտեղադրի մաքսային-անձնագրային հսկողության կետեր:

«Մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր: Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, ու մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին ու մենք գնում ենք այդ ճանապարհով», - ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: