երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀԱՊԿ պատասխանը բացառիկ նվեր և հնարավորություն է Հայաստանի և մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության համար. Բաբաջանյան

ՀԱՊԿ պատասխանը բացառիկ նվեր և հնարավորություն է Հայաստանի և մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության համար. Բաբաջանյան

՛՛Հանուն հանրապետության;; կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀԱՊԿ պաշտոնական պատասխանին, որ ստացվել է այսօր կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասի հայտարարության տեսքով:

Նա, մասնավորապես, գրել է. ՀԱՊԿ պաշտոնական պատասխանը, որ ստացվել է այսօր այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասի հայտարարության տեսքով, ոչ մի նորություն չի պարունակում։ Դրա բովանդակությունը պարզ էր շատ վաղուց։
Կարող ենք պնդել, որ ՀԱՊԿ-ը ոչ թե պատասխանել է Հայաստանի դիմումին, այլ վճռել է ինքն իր հարցը:

Այսպիսի պատասխանից հետո Երևանը երկու հարց ունի՝ կամ պետք է դնի ՀԱՊԿ արմատական վերափոխման հարցը, կամ դնի ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերության վերանայման հարցը:

Ընդ որում, ոչ մի դեպքում սա չպետք է դիտարկել որպես դեմարշ Ռուսաստանի դեմ, որովհետև Հայաստանը ոչ միայն դույզն իսկ կասկածի տակ չի դնում հայ-ռուսական ռազմական փոխօգնության և դաշնակցային գործակցության իրավա-պայմանագրային դաշտը, այլ ըստ էության նույնիսկ հայտարարել է հայկական բանակի վերափոխման հարցում ՌԴ հետ աշխատանքի մասին:

ՀԱՊԿ հարցի օրակարգայնացումը չի կարող գնահատվել «հակառուսականության» պարզունակ տրամաբանությամբ, ինչը արվում է Հայաստանում մշտապես՝ զրկելով Հայաստանին քաղաքական ճկունության լայն հնարավորությունից:

ՀԱՊԿ պատասխանը բացառիկ նվեր և հնարավորություն է Հայաստանի և մեր երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության համար։ Հայաստանը ստանում է շանս աշխարհաքաղաքական այլ ուժային կենտրոնների ուղղությամբ ոչ միայն նայելու, այլև նրանց հետ անկաշկանդ հարաբերություններ կառուցելու ազատություն։

Հ․Գ․ Ի պատասխան ՀԱՊԿ-ի այսօրվա դիրքորոշման Հայաստանի նոր խորհրդարանի օրակարգում պետք է հայտնվի ՀԱՊԿ շրջանակում վավերացված պայմանագրերից մեկի վերանայման հարցը: Խոսքը 2012 թվականին Հայաստանի եվրասիականացման ալիքի ծավալմանը մեկնարկին զուգահեռ վավերացված պայմանագրի մասին է, որի համաձայն Հայաստանը որևէ երրորդ երկրի հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցության համար պետք է ստանա ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությունը:

Եթե ՀԱՊԿ անդամները համաձայն չեն Հայաստանի ռազմա-քաղաքական խնդիրների հարցում դաշնակցային միասնական վարքագծի հեռանկարին, ապա նրանք չպետք է ունենան Հայաստանի ու երրորդ երկրի ռազմական ենթակառուցվածքային գործակցության հարցում, այլ կերպ ասած Հայաստանի այլընտրանքի հնարավորության հարցում որոշիչ ձայնի իրավունք: Նրանք կամ Հայաստանի հետ «կնվագեն» այսպես ասած նվագախմբով, կամ Հայաստանը պետք է ունենա նվագակցի ինքնուրույն ընտրության հնարավորություն՛՛:

Հիշեցնենք, որ Զասը նշել էր, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը ՛՛սահմանային միջադեպ՛՛ է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ 

  • Կիսվել: