- օգոստոս 2, 2026 09:18
Մոսկվան ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ռուսաստանը ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները նույնպես ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ցանկանում ենք պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ մեր ժողովուրդների կյանքերն ու ճակատագրերը միահյուսված են ոչ թե տասնամյակներով, այլ դարերով։ ՀԱՊԿ մյուս անդամ պետություններն էլ ունեն իրենց շահերն ու Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների սեփական պատմությունը»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ինչպես պարզաբանել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2021-2022 թվականներին Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները դաշնակիցների կողմից չեն կատարվել, ինչի հետևանքով Երևանը «սառեցրել» է իր մասնակցությունը կազմակերպությանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամավճարների չվճարման պատճառով կազմակերպությունը կքննարկի կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է իր պարտավորությունները չկատարող անդամ պետությունների նկատմամբ ձեռնարկվող միջոցները։
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է որոշում ընդունել տվյալ երկրի քաղաքացիներին կազմակերպության քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև մինչև պարտքի ամբողջական մարումը կազմակերպության մարմիններում նրա ձայնի իրավունքը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ կանոնադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց իրականացման նպատակով ընդունված այլ որոշումները, ապա խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների աշխատանքին կամ բացառել այն կազմակերպությունից։ Այս հարցերով որոշումները կայացվում են առանց տվյալ անդամ պետության ձայնը հաշվի առնելու։



