ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի քայլերի և ստանձնած պարտավորությունների համապատասխանությանը. ՌԴ ԱԳՆ տեղակալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին՝ կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության համատեքստում Մոսկվայի համար գլխավորն այն է, ինչպես բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ։
«Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ: Հայաստանը դուրս չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից, նրա համար պահպանում ենք կազմակերպության գծով մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը։ Միաժամանակ, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել արևմտյան երկրների հետ գործընկերների քայլերին, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից», - նշել է նա։


