Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծը․ ԿԳՄՍՆ փոխնախարարի անդրադարձը
Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծը այս շաբաթ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։
ԿԳՍՄՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ընդգծել է առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հետևյալ դրույթների ավելացումը.
- արձագանքելով դպրոցների կուսակցականացման և քաղաքական գործընթացների մեջ ներքաշման մտահոգություններին՝ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել և լինել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ
- բացի այդ, հաշվի առնելով բազմաթիվ դեպքեր, երբ նախկին տնօրենների մասով իրականացվում է քրեական հետապնդում, որ դադարեցվում է, օրինակ, վնասի փոխհատուցման հետևանքով, սակայն դրանով որևէ արդարացնող հիմք չկա, առաջարկվում է սահմանել, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել և լինել այն անձը, որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով։ Սա նշանակում է, որ որևէ մեկը չի կարողանա ուղղակի իր պատճառած ֆինանսական վնասը հատուցելով հաջորդ պահին գալ և հանգիստ մասնակցել տնօրենի նոր մրցույթին, ասես ոչինչ չի եղել։
"Ցավոք, նման նախադեպեր մինչ այս գրանցվել են",- եզրափակել է նախարարը։