ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի, դա ժողովրդի ցանկությունն է. Վազգեն Մանուկյան

Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի, դա ժողովրդի ցանկությունն է. Վազգեն Մանուկյան

Սա քաղաքական հետապնդում է, այլ կերպ որակել չեմ կարող: Այսօր Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ում հրավիրել են Քննչական կոմիտե:

«Սա իսկական քաղաքական հետապնդում է: Մեր երկրում վերջին 2,5 տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը , հիմնական օրենքները, ընդ որում երկրի ղեկավարի կողմից»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանը մեկնաբանեց, որ՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո բազմիցս խախտվել է Սահմանադրությունը:

«Պատերազմի խայտառակ պարտությունից հետո, հիմա, երբ ոչ ռազմական վիճակ է, վարչապետը շարունակում է տալ Սյունիքի հողերը, դա նշանակում է՝ սա Սահմանադրության մեծ խախտում է և հանցագործություն, պետք է քրեական գործեր հարուցել իր դեմ»,- մեկնաբանեց ընդդիմության շարժման ղեկավարը:

Վազգեն Մանուկյանը նաև նշեց՝ եթե իրեն կալանավորեն, միևնույն է շարժումը շարունակվելու է: «Մեկ բան է հայտնի՝ սա համաժողովրդական կոչ է՝ ինքը պետք է հեռանա: Եթե ինձ կալանավորեն, ապա կան հազարավոր մարդիկ, որոնք կշարունակեն շարժումը, այս պայքարը իմ քմահաճույքը չէ, սա համաժողովրդական պահանջ է և փրկության միակ ելքը»,- ասաց Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ ինք չի պատրաստվում որևէ հարցի պատասխանել և չի պատրաստվում որևէ ցուցմունք տալ: «Ինձ չի հետաքրքրում՝ ինչ հարցեր են տալու այսօր, քանի որ ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ և թող իրավաբանները մեկնաբանեն այդ նախադասությունները»,- ասաց նա:

  • Կիսվել: