ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանդիպումը եղել է Նիկոլի տանը, հաստատ ձայնագրել է․ Տեր-Պետրոսյանը` իր և Փաշինյանի հանդիպման մասին

Հանդիպումը եղել է Նիկոլի տանը, հաստատ ձայնագրել է․ Տեր-Պետրոսյանը` իր և Փաշինյանի հանդիպման մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է  Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն է ասել է  հողերը հանձնելու ժամանակն է։

Տեր-Պետրոսյանն ասաց, որ գնացել է մեկ բան ասելու. «Ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը: Ես նրան ասել եմ՝ քո առաջին գործը պետք է լինի այն ժառանգությունը, որը ստացել ես Սերժ Սարգսյանից՝ փաստաթղթով: Հարց է տալիս՝ ինչ ձևի: Ես ասացի, որ հենց հիմա թելադրում եմ, նամակ ես գրում ԱԳ նախարարին, պահանջում ես 2 օրվա մեջ քեզ ներկայացնեն ԼՂ կարգավորման իրավիճակն ապրիլի 18-ի դրությամբ:

Հարցրեց, թե ինչի է պետք, ասացի, որ ունենաս, թե ինչ ժառանգություն ես ստացել: Դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, դա կլինի քո պատիվը, ավելի վատը՝ կլինի քո խայտառակությունը:

Ես իմ փորձից դա արել եմ 2008 թվականին, երբ որոշել էի թեկնածությունս առաջադրել: Այս հարցն ինձ համար ամենագլխավորն էր: Ուզեցի ֆիքսել այն վիճակը, որ ՄԽ համանախագահները ներկայացրել էին որպես վերջին փաստաթուղթ, որովհետև Կազանյանից հետո էլի բաներ են փոխվել:

Ես հրավիրեցի ԱՄՆ դեսպանին, ասացի՝ հիմա ՄԽ համանախագահությունը հայտարարել է, որ կողմերի միջև Մադրիդյան սկզբունքների շուրջ առաջին պլանը համաձայնեցվել է 99 տոկոսով: Ասեցի՝ ոչ մի բան չենք պահանջում, խնդրում ենք տեղեկացրեք Բրայզային, թող այս 99 տոկոսը ցույց տա, թե ինչ է, ու առաջարկի կողմերին՝ որպես պաշտոնական փաստաթուղթ:

Մինչ այդ ՄԽ-ն պաշտոնական փաստաթղթեր չէր ներկայացնում: Մեր ժամանակ մեթոդն ուրիշ էր՝ համանախագահները գալիս էին պատրաստի փաստաթղթերով, մեզ հետ չէին բանակցում: Եթե կողմերից մեկը չէր համաձայնվում, լինում էր հաջորդը:

Արդեն Մադրիդյանի ժամանակ մեթոդը փոխել էին: Ասացին՝ ինչու: Ասացի, որ դա և՛ ինձ է պետք և՛ Սերժին, եթե ընտրվի նախագահ, որպեսզի մենք ֆիքսենք, թե որ կետից ենք սկսելու: Մեկ ամիս հետո Բրայզան պաաշտոնապես ներկայացրեց։

Նույն բանը Նիկոլին էի ասում, որ պետք է ֆիքսի, թե ինչ ժառանգություն է ստացել: Այլ բան չի եղել, բայց այդ ձայնագրությունը կպահանջեք Նիկոլից»։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Տեր-Պետրոսյանն ասաց, որ  եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում

«1997 թվականին մենք իսկապես պահը կորցրեցինք։ Հիմա նույն խնդրի առաջ ենք կանգնել: Եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ նախկին նախագահն ասաց, որ ՄԱԿ-ը Խորհրդային Միության նախկին հանրապետությունների անկախությունը ճանաչել է այն ասհմաններով, որոնք եղել են ԽՍՀՄ-ի ժամանակ:

«Այստեղ ոչինչ չես կարող փոխել: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն այդ սովետական սահմանն է, ուրիշ ոչինչ:  Եթե այդքան ուժեղ եք, կարող եք գնալ գրավել, բայց փոխել հնարավոր չէ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է վեճերին, նա ասաց, որ դա անընդհատ լինելու է, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ պայմանագիր չեն ստորագրել. «Ամեն օր է լինելու, գերիներ են խլում, հովիվներ են փախցնում: Այդպիսի անկայուն վիճակ է»:

  • Կիսվել: