երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Հակապատվաստումային քարոզի համար որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են

Հակապատվաստումային քարոզի համար որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են

Հակապատվաստումային քարոզի համար որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նա ասաց, որ բժշկական որոշ կենտրոններ, իրենց էթիկայի հանձնաժողովների կամ խորհուրդների դիտարկումներով առաջնորդվելով, նաև որոշ բժիշկների աշխատանքից ազատել են՝ նման վարքագիծ դրսևորելու համար։ «Այդ բժիշկները շատ չեն, ուղղակի այն փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են։ Նրանք օր ու գիշեր զբաղված են այս վնասարարությամբ։ Մենք մոնիթորինգ ենք իրականացնում և հնարավորինս փորձում ենք այն բժշկական կենտրոնների, առաջնային օղակի հետ աշխատանք տանել և հասկանալ՝ արդյոք բժիշկն իրավունք ունի զբաղեցնելու մի պաշտոն, որին լրիվ հակառակ ուղղությամբ է իր հանրային խոսքը կառուցում»,- ասաց նա։

 

Ըստ Ավանեսյանի՝ կարևոր ինստիտուտ է բժիշկների լիցենզավորումը, որը պետք է լիներ այն գործիքը, որ բժիշկը չի կարող հակագիտական, հակապատվաստումային գործելակերպ իրականացնել։ «Եվ բժիշկների լիցենզավորման ինստիտուտի հետ կապված մենք լուրջ պլաններ ունենք, պատրաստվում ենք առաջիկայում լայնածավալ քննարկումներ, նախապատրաաստական աշխատանքներ տանել։ Եվ հետագայում, երբ կունենանք այդ ինստիտուտը, բժիշկը չի կարող շարունակել պահպանել իր լիցենզիան, եթե նման գործունեությամբ է զբաղվում»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: