երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Հաջորդիվ  նախատեսվում էր  Իրանի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն․ Ալեն Սիմոնյան

Հաջորդիվ  նախատեսվում էր  Իրանի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն․ Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ Հայաստանում Իրանի դեսպանատուն այցելեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով նաեւ գրառում արեց սգո մատյանում:

Դուրս գալուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Շատ ցավալի իրադարձություն է, ես պատիվ եմ ունեցել թե Իրանի նախագահի, թե ԱԳ նախարարի հետ հանդիպում ունենալ: Նրանք եւ մեր երկրի համար, եւ տարածաշրջանի համար շատ ակտիվ աշխատանք ու ջանքեր էին դնում: Իրոք շատ ցավալի է, ցավակցում եմ բարեկամ երկրի ժողովրդին այս շատ անսպասելի ու անհասկանալի  իրադարձության հետ կապված:

Երեւի արդեն գիտեք, որ հաջորդիվ  նախատեսվում էր  Իրանի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն: Դա մեզ համար շատ կարեւոր էր եւ հիմա մենք նույնպես ցավում ենք այս ողբերգության հետ կապված»:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են ՀՀ–ում Իրանի դեսպանություն՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախագահ Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ:

Նախօրեին Իրանի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը մայիսի 22-ին եւ 23-ին կբացվի Սգո մատյան, որտեղ հնարավոր կլինի գրառում կատարել:

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

  • Կիսվել: