երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գնել Սանոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է անդրսահմանային համագործակցությունը

Գնել Սանոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է անդրսահմանային համագործակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին։

Պատվիրակության կազմում էին ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել տարբեր ուղղություններով ԵԽ հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է վարչատարածքային բարեփոխումների արդյունքները և արձանագրվել դրանց հաջող ընթացքը։

Նախարարը նկատել է, որ վարչատարածքային բարեփոխումներն իրականացվել են ԵԽ անենօրյա մասնագիտական և տեխնիկական օժանդակությամբ և ներկայում միավորված համայնքները իրենց կարողություններով պատրաստ են առաջ մղելու ապակենտրոնացման գործընթացը՝ թեև կարողությունների ավելացման ուղղությամբ դեռ անելիքներ կան։

Նախարար Սանոսյանը հիշեցրել է, որ Վարչապետի որոշմամբ հաստատվել է ապակենտրոնացման հայեցակարգը և այժմ ՏԿԵ նախարարությունը գործընկերների հետ շարունակում է հայեցակարգից բխող՝ ապակենտրանացման ռազմավարության մշակման աշխատանքները։

Աշխատանքներ են տարվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենսդրության արմատական վերանայման ուղղությամբ։ Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է օրենսդրական փոփոխությունների վրա։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև անդրսահմանային համագործակցությունը, որն ապակենտրոնացված համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է։

Մանրամասն քննարկվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման և հետագա աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը։

Նախարար Սանոսյանը մանրամասն ներկայացրել է ողջ գործընթացը՝ ընդգծելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու գործընթացում համայնքների ներգրավվածությունն ու համայնքների կողմից կատարված հսկայական աշխատանքի կարևորությունը։

  • Կիսվել: