երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գնել Սանոսյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

Գնել Սանոսյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան։

Ինչպես  տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։

ՏԿԵ նախարարը շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում, տուրբինային արտադրամասում, ծանոթացել է ՀԱԷԿ-ի հիմնական տեխնիկական հատկանիշներին և սարքավորումներին, եղել է էներգաբլոկի կառավարման վահանակում, որտեղ ծանոթացել է ՀԱԷԿ-ի կառավարման և անվտանգության ապահովման համակարգերին, հետևել է անձնակազմի աշխատանքին։

ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի մեքենասրահում նախարար Գնել Սանոսյանին մասնավորապես ներկայացվել են ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և կայանի արդիականացման ծրագրի շրջանակներում պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021, 141 օր տևողությամբ) աշխատանքների ընթացքը, հիմնանորոգվող և նորացվող համակարգերն ու սարքավորումները։

Գնել Սանոսյանն այնուհետև հանդիպել է ՀԱԷԿ-ի ղեկավար աշխատակազմի հետ։ Կայանի աշխատակիցներին բարդ և պատասխանատու աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով՝ նախարարը կարևորել է ՀԱԷԿ-ում առկա լուրջ մասնագիտական ներուժն ու կարողությունները և համոզմունք է հայտնել, որ ատոմակայանի արդիականացման նպատակով կատարվող վերանորոգումների այս կարևոր փուլում յուրաքանչյուր աշխատակից ջանք չի խնայի աշխատանքները պատշաճ իրականացնելու և նախատեսված ժամկետներում ավարտելու համար։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով նախարար Սանոսյանին կատարած այցի համար, վստահեցրել է, որ ատոմակայանի արհեստավարժ մասնագետները նախատեսված ժամանակին և արդյունավետ կիրականացնեն իրենց առջև դրված կարևոր խնդիրները։

Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է նաև, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը, հանրապետության համար կարևորագույն ռազմավարական հիմնարկ և տնտեսության քարշիչ ուժը լինելով, մեծ դեր ունի նաև Արմավիրի մարզի աշխատանքային զբաղվածության ապահովման առումով։

Այցի ավարտին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ընդգծելով ոլորտի ինստիտուցիոնալ հիշողության շարունակականության կարևորությունը, ՀԱԷԿ-ի փորձառու մասնագետներին հորդորել է իրենց երկարամյա աշխատանքի արդյունքում կուտակած գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ գործընկերներին։

«Մեր երկիրը հետպատերազմյան այս փուլում բարդ իրականության մեջ է, և յուրաքանչյուրս մեր աշխատանքը վերանայելու, դրան նորովի վերաբերվելու կարիք ունենք՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք աշխատում տվյալ պաշտոնում։ Անհրաժեշտ է տեսնել, թե էլ ինչ է պետք անել, որ մեր աշխատանքն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք, մեր պետության ու տնտեսության համար ավելի շատ օգտակար աշխատանք կատարենք, քանի որ յուրաքանչյուրիս ներդրած ջանքից է շատ բան կախված»,- հավելել է Գնել Սանոսյանը։

  • Կիսվել: