շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ղազախստանը պատրաստվում է ստորագրել TRACECA-ի համաձայնագիրը. նախագծում ներառված է նաև Հայաստանը

Ղազախստանը պատրաստվում է ստորագրել TRACECA-ի համաձայնագիրը. նախագծում ներառված է նաև Հայաստանը

Ղազախստանը պատրաստվում է ստորագրել TRACECA-ի՝ Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային երթուղու միասնական տարանցիկ թույլտվության մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է КазТАГ-ը:

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Սույն համաձայնագրի դրույթները կարգավորում են կողմ պետությունների տարածքներով ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային տարանցիկ փոխադրումները՝ միասնական տարանցիկ թույլտվության կիրառմամբ, սահմանում են դրա տրամադրման, կիրառման պայմաններն ու կարգը, ինչպես նաև ՄՏԹ-ի (միասնական տարանցիկ թույլտվություն) հետ անմիջականորեն կապված այլ դրույթներ»:

Նշվում է նաև, որ համաձայնագիրը նախատեսում է տարանցիկ թույլտվությունների միասնական մեխանիզմի ստեղծում՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումները պարզեցնելու և արագացնելու, ընթացակարգերի թափանցիկությունն ու թվայնացումը բարձրացնելու, ինչպես նաև TRACECA-ի երթուղիներով տարանցիկ հոսքերն ավելացնելու համար:

Հավելենք, որ TRACECA-ն (Transport Corridor Europe-Caucasus-Asia) համագործակցության միջազգային ծրագիր է, որը նախաձեռնել է Եվրոպական միությունը 1993 թվականին՝ Բրյուսելի համաժողովում: Այն ուղղված է «Եվրոպա – Կովկաս – Ասիա» տրանսպորտային միջանցքի ստեղծմանն ու զարգացմանը:

Այն միավորում է 13 երկիր, այդ թվում՝ Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Թուրքիան, Իրանը և այլն։ Նպատակն է արդիականացնել երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային և օդային երթուղիները Սև ծովի, Կովկասի և Կասպից ծովի միջոցով՝ բեռների և ուղևորների մուլտիմոդալ փոխադրումների համար՝ միասնական տրանսպորտային փաստաթղթով:

  • Կիսվել: