Ղազախստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել
Ղազախստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Ղազախաստանում ստեղծված իրավիճակից ելնելով հայտարարված է արտակարգ դրություն և պարետային ժամ։ Հետևողականորեն հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին պահպանել անվտանգության միջոցառումները, զերծ մնալ մարդկանց կուտակման վայրեր այցելելուց և մնալ բնակության վայրերում»։
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։
Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։