երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գեորգի Կուտոյանի դին բնակարանում հայտնաբերել է նրա կինը․ մահվան վայրում քննչական գործողություն է ընթանում (ՈՒՂԻՂ)

Գեորգի Կուտոյանի դին բնակարանում հայտնաբերել է նրա կինը․ մահվան վայրում քննչական գործողություն է ընթանում (ՈՒՂԻՂ)

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին բնակարանում հայտնաբերել է նրա կինը, դեպքի վայր է ժամանել նաև նրա հայրը, քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Հարցին, թե հարազատների ներկայությա՞մբ է կատարվել դեպքը, ՔԿ պետի տեղակալը պատասխանեց, որ նախնական տվյալներով, կինն է հայտնաբերել Գեորգի Կուտոյանի դին: Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ բնակարանում հայտնաբերվել է նաև զենք:

«Դեպքի վայրում մենք հայտնաբերել ենք Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով: Իրականացվում են քննչական գործողություններ: Որպեսզի կարողանանք ձեր հարցերին պատասխանել, ժամանակ է անհրաժեշտ», - ասաց Մելիքյանը: Նրա ներկայացմամբ, դեպքի վայրի զննությանը մասնակցում են դատաբժիշկներ, որոնք հետո կտեղեկացնեն՝ ինչ վնասվածք է ստացել Գեորգի Կուտոյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՔԿ լրատվական ծառայությունից հաղորդել էին, որ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: