Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն իր ու ԱԱԾ անձնակազմի անունից ցավակցական խոսք է հղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի կապակցությամբ։
«Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող։
Համոզված եմ, որ ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները հետաքննող, այնպես էլ ՀՀ իրավապահ մյուս բոլոր մարմինները, այդ թվում նաև ԱԱԾ-ն, իրենց գործառույթների շրջանակներում անելու են հնարավոր առավելագույնը՝ այս ողբերգության հարուցած բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին»,-ասված է ցավակցական խոսքում։
Երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։
Կուտոյանը 38 տարեկան էր, ծնվել է 1981թ.-ին։
ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում էր 2016 թ. փետրվարի 12-ից մինչև 2018 թ. մայիսի 10-ը։