հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆիննախը չի որոշում՝ գումար տա՞լ, թե չտալ. Անանյանը՝ ՊԵԿ-ի ռազմավարական ծրագրի մասին

Ֆիննախը չի որոշում՝ գումար տա՞լ, թե չտալ. Անանյանը՝ ՊԵԿ-ի ռազմավարական ծրագրի մասին

Կառավարությունում են որոշում ներկայացնում, Ֆիննախն ուղղակի այդ ոլորտում քաղաքականություն իրականացնողն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ախր Ֆինանսների նախարարությունն ո՞վ է, որ գումար տա, կամ չտա: Ֆիննախը չի որոշում՝ գումար տա՞լ, թե չտալ: Ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարի, ներկայացրել է իր տեսակետը, որը ոչ միայն  իրավունք ունի գոյություն ունենալ, այլև ինչ-որ չափով լեգիտիմ է»,- ասաց Անանյանը:

Ավելի վաղ, անդրադառնալով ՊԵԿ-ի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, Անանյանը նշել էր․

«Անհրաժեշտ են ջանքեր, որպեսզի կառավարությունը նույնպես հեղափոխական լինի։ Այն չէր վերաբերում անձամբ պաշտոնյաներից որեւէ մեկին կամ գերատեսչությանը։ Կառավարության ներսում առողջ համագործակցության մթնոլորտ է։ Տարաձայնությունները զուտ մասնագիտական հարթությունում են»։

Ծրագիրը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․

«Հերիք ա էս կեղծիքի մեջ գալ ու ինչ-որ բան անել։ Վարչապետի կաբինետում խոսակցություններ են տեղի ունեցել, ասել են՝ այդ ատկատները որ փակում եք, դրա արդյունքում տնտեսական կոլապս է տեղի ունենալու, որովհետև ավել լավ է կապիտալ ծախսերն ինչ-որ կերպ արվի, որպեսզի փողն ինչ-որ տեղ պտտվի: Մեր բոլոր արդյունքներն այսօր ի հեճուկս բոլոր նախարարությունների է, ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Իրավապահները միշտ պատճառներ ներկայացնում են: Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Այդ դիմադրությունը ես ջարդելու եմ: ՀՀ ժողովուրդն ինձ ձայն է տվել, մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ մեր երկրում փոփոխություններ լինեն»։

  • Կիսվել: