երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եթե Փաշինյանը հրաժարական ներկայացնի, մենք չենք զբաղվի ակտիվ քաղաքականությամբ. Շարմազանով

Եթե Փաշինյանը հրաժարական ներկայացնի, մենք չենք զբաղվի ակտիվ քաղաքականությամբ. Շարմազանով

Ովքեր այս սրբազան պայքարը ներկայացնում են որպես հների իշխանության համար պայքար, լկտիաբար ստում են: Այս մասին այսօր վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ դա ՛՛նիկոլական հերթական էժանագին մուտիլովկան է՛՛: 

Շարմազանովը նշեց. ՛՛Այո, ես ունեցել եմ բազամաթիվ սխալներ, եղել եմ ՀՀԿ-ի սիմվոլներից մեկը, այսօր էլ չեմ հրաժարվում ու հպարտանում եմ դրանով: Գիտե՞ք ինչու, որովհետեւ Նիկոլի նման չեմ կզել թուրքի առաջ, որովհետեւ հողատու չեմ եղել:

Մեր սխալներով, մեր թերություններով, միգուցե սխալներով հանդերձ, իմ միգուցե մեծամտությամբ հանդերձ՝ ձեզնից շատերը, մեր ժողովուրդը դժգոհ է եղել մեր կառավարումից:

Ես, որպես առաքելական մարդ, ձեր առջեւ ասում եմ՝ կներեք մեզ, ժողովուրդ ջան, մեր սխալների համար: Բայց ես այսօր կանգնած եմ այստեղ բաց ճակատով, որովհետեւ դավաճան չեմ, հող չեմ հանձնել, որովհետեւ իմ թիմակիցները Ապրիլյան պատերազմի ժամանակ 4 օրում կանգնեցրել են պատերազմը: Որովհետեւ մեր ժամանակ Ալիեւն էր բողոքում, որ իրեն ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը:

Հիմարաբար ստում են, թե Սերժ Սարգսյանն ուզում է հետ գալ: Ա՛յ հիվանդ, ա՛յ ստախոսներ, Սերժ Սարգսյանն իր բոլոր սխալներով հանդերձ երբ տեսավ, որ հայ ժողովուրդը չի ցանկանում իրեն տեսնել իշխանության ղեկին, ինքնակամ հեռացավ, առանց արյան հեռացավ, արժանապատիվ ու առանց պայմանավորվածությունների հեռացավ: Նա ապացուցեց, որ, ի տարբերություն քեզ, աթոռը մեզ համար նպատակ չէ՛՛:

Նա նաեւ հավելեց, որ իրենք նպատակ չունեն գալ իշխանության: ՛՛Մենք պատրաստ ենք սատարել վաղվա իշխանությանը, որը պատրաստ է արժանապատիվ ներկայացնել Հայաստանի ու Արցախի շահերը: Հայրենիքի փրկությունը պետք է սկսվի այս հողատուի, այս ստահակ դավաճանի հեռացումով:

Եթե Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնի, ես եւ իմ շատ ընկերներ կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ չենք զբաղվի ակտիվ քաղաքականությամբ՛՛,-ասաց Շարմազանովը:

  • Կիսվել: