երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե մարդը մտածված, կազմակերպված որևէ հանցագործություն կատարել է, պետք է գնա, նստի. Աշոտ Աղաբաբյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին

Եթե մարդը մտածված, կազմակերպված որևէ հանցագործություն կատարել է, պետք է գնա, նստի. Աշոտ Աղաբաբյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) հարցաքննվել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

«Իրավապահները ինձ կանչել են, գնացի, մի քանի հարցեր տվեցին։ Ես ասացի, որ չգիտեմ՝ ինչ գումարներ են հատկացված եղել։ Մեզ մոտ ի պահ են տրված լուսատախտակի լույսերը և տաբլոները։ Մնացած գումարները՝ մոտ 280 մլն-ի չափով են, դատարանով հաստատված է, որ նրանք 2012-ին այդքան ներդրում արել են։ Եկել են, էդ են ստուգել, գնացել են։ Էլ բան չի եղել», -PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը։

Նշենք, որ Ոստիկանության 6-րդ վարչության թիրախում փողերի լվացման դեպքի ուսումնասիրություն է կատարվում, որին հնարավոր է, առնչություն է ունեցել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նրա տանը և առնչվող մի քանի օբյեկտներում, երեկ, հիշեցնենք, 6-րդ վարչությունը խուզարկություններ էր իրականացնում։ Մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012–2018-ին զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի, այդ թվում՝ «Հրազդան» մարզադաշտի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար իրեն, որպես սեփականատիրոջ, գումար չեն փոխանցել։

Քրեական գործի վերաբերյալ Աղաբաբյանը դժվարացավ գնահատական տալ.

«Ես տնտեսագետ եմ, իրավաբան չեմ։ Ես «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի սեփականատերն եմ, մենք առնչություն ենք ունեցել միայն ֆուտբոլի խաղերի կազմակերպման հետ՝ քսան տարի պետք է հավաքականը խաղա անվճար, ինչի դիմաց նրանք պետք է ներդրումներ կատարեն։ Բայց մենք գումար չենք ստացել։ Որքան գիտեմ UEFA-ն էր ուղարկել այդ գումարը, և մենք դա կարող էինք ստանալ ու նրանց հսկողության տակ շինարարական աշխատանքներ կատարեինք, բայց մենք գումար չենք ստացել։ Իրանք եկել, արել գնացել են»։

Նա նկատեց, որ ՀՖՖ-ն, որպես Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ UEFA-ի անդամ, Հայաստանում ունեցել է առավելություններ։

«Չեմ կարծում, որ որևէ պետական համակարգ կարողանար մերժել ՀՖՖ-ին՝ հանուն ֆուտբոլի։ Իսկ Հայրապետյանն էլ, որպես Ֆեդերացիայի նախագահ, պարզ է, որ սպիտակ ձիու վրա պետք է լիներ։ Բացի էդ, ասում էր՝ նախագահի (նկատի ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին-խմբ.) ընկերն է։ Ես մի բան գիտեմ՝ եթե մարդը մտածված, կազմակերպված որևէ հանցագործություն կատարել է, պետք է գնա, նստի», -հավելեց Աղաբաբյանը՝ ընդգծելով, որ ինքը չի կարող ասել՝ Հայրապետյանը հանցանք գործե՞լ է, թե՞ ոչ։

Նրա խոսքով, բոլորին թվումէ, թե «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը քանդվում, փլվում է, բայց իրականում այդպես չէ։

«Մարզադաշտը, ըստ տեխնիկական բնութագրերի, ժամկետ ունի։ Եթե ժամկետը լրանում է, կապիտալ վերանորոգումներ կատարվում են։ Այդ վերանորոգումը Թուրքիայի հետ խաղից առաջ կատարել ենք։ Ժամկետներ գոյություն ունեն։ Եթե փլվում է, պահում ենք ի՞նչ անենք։ Բայց պետք է ասեմ, որ շուտով ներդրումներ են կատարվելու, ինչի արդյունքում ամեն ինչ կվերականգնվի։ Չենք թողնի, որ քանդվի», -ընդգծեց Աղաբաբյանը։

  • Կիսվել: