Եթե չհաջողենք, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չեմ վերադառնա. Արթուր Վանեցյան
Քանի դեռ այս հարցը լուծված չէ, «ես խորհրդարանում անելիք չունեմ», «Ազատության» հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա ապրիլի 17-ից նստացույց է սկսել Ազատության հրապարակում` պնդելով, որ վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
«Եթե չհաջողենք այս պայքարում և հասկանանք, որ ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա, այսինքն` Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել, և որևէ կերպ չենք կարողանալու մենք այն խնդիրը, որը մեր առջև դրված է, լուծենք, ես, իհարկե, չեմ վերադառնա խորհրդարան, որովհետև ես բան չունեմ այնտեղ», - այսօր հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Պարոն Վանեցյան, Դուք մտադի՞ր եք վերադառնալ խորհրդարան, այնտեղ պայքարը շարունակել:
Արթուր Վանեցյան. - Չեմ կարող հիմա այդպես կտրուկ այդ հարցին պատասխան տալ` այո կամ ոչ, կախված է զարգացումներից: Ես ասել եմ, որ քանի դեռ այս հարցը լուծված չէ, ես խորհրդարանում անելիք չունեմ: Այո, ես այս պահին խորհրդարանում անելիք չունեմ, ես Ազատության հրապարակում եմ, փողոցում եմ, մեր ժողովրդի հետ եմ և շարունակելու եմ պայքարել: Խորհրդարան վերադառնալ-չվերադառնալը կախված է շատ-շատ հանգամանքներից: Եթե չհաջողենք այս պայքարում և հասկանանք, որ ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա, այսինքն` Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել, և որևէ կերպ չենք կարողանալու մենք այն խնդիրը, որը մեր առջև դրված է, լուծենք, ես, իհարկե, չեմ վերադառնա խորհրդարան, որովհետև ես բան չունեմ այնտեղ:
«Ազատություն». - Իսկ մանդատից հրաժարվելու հարցը հիմա դիտարկո՞ւմ եք, իշխանությունն ասում է` աշխատավարձ եք ստանում, գործի չեք գալիս:
Արթուր Վանեցյան. - Իշխանությունը թող իր մասին նախ խոսա, որ փող է ստանում, աշխատավարձ է ստանում, միլիոնավոր պարգևավճարներ և բոլոր ուղղություններով ձախողել է, բոլոր, չկա մի ուղղություն, որտեղ հաջողություն է գրանցել իշխանությունը: Ես իմ աշխատավարձը, հավատացեք, գիտեմ` ոնց եմ օգտագործում. ես իմ աշխատավարձը չեմ ծախսում իմ անձնական կարիքների համար, մի օր դրա մասին կխոսենք:
Մանդատից հրաժարվելու…հիմա այս պահին հաշվեք` հրաժարված է կամ հրաժարված չէ, որևէ բան չի փոխում: Ամեն դեպքում իշխանափոխությունը ես համարում եմ, որ պետք է լինի սահմանադրական ճանապարհով, իսկ սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը լինելու է խորհրդարանում:
«Ազատություն». - Այսօր մամուլը գրել էր, որ արդեն կա որոշումը, որ Դուք վայր եք դնում մանդատը:
Արթուր Վանեցյան. - Այդպես չէ գրված եղել, հարցականով է գրված եղել, և ասում են, որ եթե անգամ հաջողի այս շարժումը, Վանեցյանը մանդատից հրաժարվելու է, որովհետև կգնա գործադիր, եթե չհաջողի, ինքն ասել է, որ հրաժարվելու է: Եկեք, այս պահին հստակ պատասխաններ չտանք, սպասենք զարգացումներին: Այս փուլում դեռ չեմ դիտարկում: