չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման մասին

Կարևորելով կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելումը՝ 2024-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար համապատասխան պաշտոնատար անձանց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով, ներկայացրել են ընդհանուր 121 միջնորդագիր: Այս մասին խորհրդարանում Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 5281 դիմում-հաղորդումների, որոնցից 803-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

«Հարկ է նկատել, որ 2024-ին ստացված դիմում-հաղորդումների թիվը 2023-ի համեմատ աճել է 1488-ով: 2023-ին այդ թիվը եղել է 3793, ինչը ևս վկայում է քաղաքացիների շրջանում  հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վստահության աճի և միաժամանակ՝ աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացման մասին»,- նշեց Նահապետյանը:

Նա նկատեց՝ քննիչները աշխատել են առավելագույն ծանրաբեռնվածությամբ:

2024-ին կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության ծառայողների կողմից կազմվել է թվով 1610 օպերատիվ հաշվառման գործ, որոնց շրջանակներում իրականացվել են շուրջ 4418 օպերատիվ հետախուզական միջոցառումներ, քննարկվել են դիմումներ, նախաքննության մարմիններ ներկայացվել է հանցագործության մասին ընդհանուր 89 հաղորդում:

  • Կիսվել: