շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Եթե Արցախի նոր նախագահը Փաշինյանի կամակատարն է լինելու, ապա վտանգներն ավելի շատ են լինելու․ Շահնազարյան

Եթե Արցախի նոր նախագահը Փաշինյանի կամակատարն է լինելու, ապա վտանգներն ավելի շատ են լինելու․ Շահնազարյան

Եթե Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնի որևէ անձնավորություն, որը հլու հնազանդ Փաշինյանի կամակատարն է լինելու, և ուղղակիորեն պաշտպանելու է այն բոլոր ճակատագրական սխալները, որն անում է Հայաստանի իշխանությունը և կառավարության ղեկավարը, ապա վտանգները ավելի շատ են լինելու: Այս մասին այսօր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին: Արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա՝ Արցախի հասարակությունը, նույնիսկ եթե ընտրություններում լուրջ քաղաքական պայքար է եղել, երբեք պառակտված, տարանջատված չի եղել։

«Հիմա Փաշինյանը քլունգն առած քանդում է Արցախի այդ միասնությունը, դրա վտանգները շատ խորն են: Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Արցախի ու Հայաստանի դիրքորոշումները թե՛ բանակցային գործընթացի, թե՛ ընդհանարապես հակամարտության կարգավորման հարցում նույնական են: Այդ դեպքում առաջանում է խիստ հակասություն, եթե նույնական են, ապա ինչո՞ւ ես ուզում Արցախի ներկայացուցիչներին տանել բանակցային սեղան: Սա հարվածներից մեկն է, որը հասցվում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս ընդգծեց, որ փորձ է արվում Արցախում ստեղծել այն վիճակը, որ կար Հայաստանում 2018թ. ապրիլին, կամ դրանից հետո:

  • Կիսվել: