Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ մի. Քրիստինե Վարդանյան
Գիտե՞ք ինչու են իրենք զայրացած ընդդիմության իրազեկման ակցիաներից, որովհետև գիտեն, որ հանրության տեսակետը այս հարցում իրենց կողմը չի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրսիտիե Վարդանյանը՝ անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելով իշխանության օրակարգին։
«Մարիա Կարապետյանը ամբիոնից ասում է՝ բա որ մենք գնանք իրազեկման ակցիաներ անենք։ Գնացեք, ՞ում եք սպասում, ինչո՞ւ չեք գնում իրազեկման, գնացեք տեսեք մարդկանց արձագանքը։ Իրենք գիտեն, որ հանրության տեսակետը այս հարցում իրենց կողմը չէ, իրենց դեռ ժամանակ է անհրաժեշտ նարատիվներով փաթեթավորել այդ ամենը։ Իրենց ամենամեծ զայրույթը այն է, որ ընդդիմությունը այս հարցում իրենցից առաջ է անցել ու ճիշտ անվանում է տվել իրենց փաթեթին՝ ալիևյան Սահմանադրություն։
Մենք «ոչ»–ի ճամբար չենք կազմել, որովհետեև մենք մեր ձայներով կանխելու ենք այդ հանրաքվեի նախագծի անցկացումը, չենք թողնելու՝ հանրաքվե լինի։ Բայց մենք ուզում ենք ցույց տալ, որ սա 41 պատգամավորի դիրքորոշում չէ, սա հայ հանրության դիրքորոշումն է, երկրի ամենակարևոր քաղաքական հարցի վերաբերյալ։
Եթե իրենք կարծում են, որ ընդդիմությունը աջակցություն չունի, շատ լավ, ուրեմն դուք անհանգստանալու բան չունեք ընդհանրապես։
Այո, մարդիկ խաղաղություն են ուզում, բայց մարդիկ նվաստացում չեն ուզում, իսկ Իլհամ Ալիևի պարագայում սա նվաստացում է, սա ուղղակի կապրիզ է դարձել, որովհետև դուք պատկերացրեք, մարդը ձեռքում ունի թուղթ, որում սևով սպիտակի վրա գրված է, որ այդ թուղթը ավելին է, քան սահմանադրությունը, բայց դա չի ստորագրում, ասում է՝ գնացեք սահմանադրություն փոխեք։ Սա դարձել է կապրիզ, որը հայ ժողովուրդը պիտի բավարարի։
Լավ, հասկացանք՝ պարտվել ենք, բայց ինչի պիտի մեզ հետ այսպես խոսան, ինչի պիտի այն բառամթերքով խոսեն, որով խոսում են։
Ալիևին չի բավականացնում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի հետ ունեցած պայմանավորվածությունները, Փաշինյանի ու ՔՊ-ի հետ իրենք խնդիր չունեն, իրենք ուզում են հայ ժողովրդի հետ նույն պայմանավորվածությունը ձեռք բերեն, որ հայ ժողովուրդը ասի և անի այն, ինչ որ Նիկոլ Փաշինյանը, հայ ժողովուրդը ստորանա։
Սրանով մենք դուռը բացում ենք օտար երկրի պահանջով սահմանադրություն փոխելու, դրանով աշխարհին ասում ենք, որ այդ գործիքը աշխատում է, եթե կուզեք հրավեր ենք անում։ Սա մի պանդորայի արկղ է, որը, եթե բացես, դժվար է լինելու փակելը։ Ժողովրդական խոսքը չեմ ուզում ասել, որ էշին նստելը մի այիբ է, իջնելը մի այիբ է»։


