Ես սա դիտարկում եմ որպես սպառնալիք․ Գառնիկ Դանիելյանը՝ ԱԱԾ–ի հաղորդագրության մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները հակասահմանադրական որևէ քայլ չեն արել։ Աբովյան քաղաքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց շարժման մասնակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ–ի հաղորդագրությունը։
Առավոտյան ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ, նախազգուշացրել էր, որ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
«Ես սա դիտարկում եմ որպես սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ։ Իմ կոչն է բոլոր այն մարդկանց, որոնք ծառայության մեջ են, որևէ կերպ չփորձեն բռնություն կիրառել կամ վախեցնել կամ սպառնալ իրենց խաղաղ ակցիաներն իրականացնող քաղաքացիների նկատմամբ»,- շեշտեց Դանիելյանը։