ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ես եմ ձայնագրությունն ուղարկել Արգիշտի Մեխակյանին. Խուդաթյանը՝ «Հաղթանակ» դաշինքի հետ կապված քրգործի մասին

Ես եմ ձայնագրությունն ուղարկել Արգիշտի Մեխակյանին. Խուդաթյանը՝ «Հաղթանակ» դաշինքի հետ կապված քրգործի մասին

Արգիշտի Մեխակյանին ես եմ ուղարկել ձայնագրությունը։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքի անդամների ու համակիրների հետ կապված քրեական գործին և ՔԿ–ի կողմից տարածված ձայնագրություններին։

«Առնվազն իր ռեակցիայից հասկացել եմ, որ ինքը այդ ձայնագրությունը չէր տեսել, ես էլ ձայնագրությանը ծանոթացել եմ մամուլով։ Ինձ ճիշտ ասած ընտրություններից հետո հետընտրական այս հարցերը այդքան էլ չեն հետաքրքրում, ես էլ պարոն Մեխակյանն էլ զբաղված ենք մեր աշխատանքով, բայց նաև իրավապահ համակարգին շնորհակալ ենք հետևողական աշխատանքի համար, որովհետև այսպիսի դեպքերը կանխելով, մենք պիտի հաջորդ ընտրություններին բացառենք նմանօրինակ լկտի, հանցավոր և ապաքաղաքական պահվածքը»,–ասաց նա։

Խուդաթյանի խոսքով, դրանք իրենց բովանդակությամբ խայտառակ ձայնագրություններ են. «2025, 2026 թվականներին, կներեք արտահայտությանս համար, բայց ձայնագրությունից պիտի մեջբերեմ, հայհոյանք դնելով քաղաքացուն ընտրության տանելուն պարտադրելը սրիկայություն է, ապաքաղաքական է և հանցագործություն է, և դա պետք է արժանանա գնահատականի և իրավական, և քաղաքական։

Տեսել եմ նաև այն մեկնաբանությունները, որ ընդդիմադիր դաշտը անում է, թե ընդամենը քարոզչական պրոցես է, քարոզարշավ են արել։ Ես կարծում եմ, որ այդ ձևի քարոզարշավ, այդ բառապաշարով, այդ մեխանիզմով... ձայնագրության մեջ ասում է՝ ես կանգնած նայում եմ՝ ով ում ընտրեց, մի քաղաքացու ասում է՝ կգնաս, կընտրես, ես քո հետևից կմտնեմ, կտեսնեմ, օրինակ, պարոն Մեխակյանի քվեաթերթիկը կա այդ աղբարկղի մեջ, թե չէ։ Այսինքն հստակ ուղղորդող պրոցես է, ամենավատ ձևի, լկտիությամբ և հայհոյանքներով համեմված։ Բայց ես նաև ուրախ եմ այն առումով, որ ձայնագրություն պետք չէր վաղարշապատցուն՝ հասկանալու համար, թե ինչն է ընդիմության էությունը Վաղարշապատում, և ինքը ընդդիմությանը արժանի պատասխան տվել է։

Հիմա ընդամենը ընդդիմադիր ավագանու կարգավիճակով իրենք հնարավորություն ունեն առնչվել համայնքային կյանքի հետ։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե այդ մարդիկ դառնային իշխանություն»,–ասաց նա։

  • Կիսվել: