Ես էլ ասացի՝ կարող եմ քաղաքական էջը ծալել. Ծառուկյանը 2015-ին իր գլխին եկածի մասին
«2015 թվականին ԲՀԿ-ի ու Ծառուկյանի գլխին կատարվածը տեղի ունեցավ այն պատճառով, որ կիսանախագահականից պետք է փոխվեր դառնար խորհրդարանական: Ես ասում էի, որ պատերազմող երկրում նման բան չպետք է լինի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ԲՀԿ-ում վերաբերվում հնարավոր սահմանադրական փոփոխություններին:
Նա հիշեցրեց տարիներ առաջ իր թիմի հետ պատահածը։ «Բոլորդ էլ գիտեք, թե ինչ կատարվեց իմ թիմի հետ: Միայն ես էի դեմ, ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց: Այն ժամանակ իմ ակտիվիստներից 630-ը մեկ օրվա մեջ կալանավորվեցին: Ես էլ դրա համար ասացի, որ կարող եմ քաղաքական էջը ծալել, խնդիր չկա, միայն թե բոլորին բաց թողնեն»,-ընդգծեց նա։
Խոսելով այսօրվա զարգացումներին, Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ պետք է նախ սպասել ու հասկանալ, թե ինչ է առաջարկվում. «Երբ հայեցակարգին ծանոթանանք, առաջարկներ կանենք, դիրքորոշում կհայտնենք»: