կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չեմ ուզում՝ թոռներս Արարատի նկարի կողքին կախեն Տաթեւի վանքի կամ Սեւանա լճի պատկերները՝ որպես կորուսյալ հայրենիքի մասին հուշ. Սարգսյան

Չեմ ուզում՝ թոռներս Արարատի նկարի կողքին կախեն Տաթեւի վանքի կամ Սեւանա լճի պատկերները՝ որպես կորուսյալ հայրենիքի մասին հուշ. Սարգսյան

Ես տեսնում եմ, որ շատերդ զարմացած եք, որ արարողակարգով առաջինը պետք է լիներ իմ ելույթը, բայց խոսեց պարոն Վանեցյանը: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Կարծում եմ՝ դա ճիշտ է, ես եմ առաջարկել եւ իմ այդ քայլով եւս մեկ անգամ ընդգծել եմ, որ գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի ցուցակը: Ուրեմն՝ ամեն տեղ ինքը պետք է լինի առաջինը, պետք է առջեւից գնա, պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես իմ փորձով, իմ հնարավորություններով եւ խորհուրդներով անհրաժեշտ պահին կանգնած եմ նրա թիկունքին, ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին»:

Սարգսյանի խոսքով՝ քարոզարշավը մեկնարկում է ոչ սովորական պայմաններում. «Ինչպես գիտեք, այս ընտրությունները մեր երազանքը չէին, մեզ պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիքի համար այս ծանր օրերին, եւ մենք ընդունեցինք մարտահրավերը եւ պատրաստ ենք այս կռիվը, կամ, ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու՝ հանուն Հայաստանի ապագայի:

Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ եւ ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնող ժողովրդին նոր ցնցումների տանելու ճանապարհը, որին մենք ի սկզբանե դեմ էինք:

ՀՀԿ-ի եւ «Հայրենիք» կուսակցության ձեւավորած դաշինքը իր օրինակով է ժողովրդին ցույց տալիս հանուն նպատակների փոխզիջումների գնալու եւ միասին աշխատելու անհրաժեշտությունը»::

Ինչպես նշեց Սերժ Սարգսյանը՝ գալիք երկու շաբաթում իրենց դաշինքի թեկնածուները իրենց հետ միասին կշրջեն բոլոր մարզերով եւ կներկայանան ժողովրդի դատին:

«Մենք վճռական ենք տրամադրված, մեր թիմի յուրաքանչյուր անդամ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք եւ պատիվ այս կապիտուլյանտների իշխանությունից երկիրը մաքրելու համար:

Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ: Այս անգամ ընտրությունը պետություն ունենալ-չունենալու միջեւ է: Այս ընտրությունը հայրենիքը կորցնելու եւ չկորցնելու միջեւ է, անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու եւս մեկ կամ նույսնիկ վերջին շանս ստանալու համար է: Ես չեմ ուզում, որ իմ թոռները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթեւի վանքի կամ Սեւանա լճի պատկերները՝ որպես կորուսյալ հայրենիքի եւս մի հատվածի մասին պատմող հուշ»,-ասաց նա:

ՀՀ երրորդ նախագահը նաեւ նշեց. «Նախորդ երեք տարիներին ՀՀԿ-ն անցամ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով դարձավ ատելության խոսքի թիրախ, ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք ու չընկրկեցինք: Իմ ու իմ թիկամիցների համար հեշտ է ասել՝ մենք զգուշացնում էինք, կանխատեսել էին, բայց դրանք արդեն անօգուտ խոսքեր են: Այդ խոսերը հետ չեն բերելու ոչ մեր 5 հազար զոհվածներին, ոչ էլ Արցախի կորսված 75 տոկոսը:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենալու: Հայաստանն այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների եւ գործընկերների հարգանքն ու վստահությունը: Այս պոպուլիստ ու անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում, որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում եւ դատապարտվենք դանդաղ մահվան: Հիմա հենց այդ վիճակում ենք:

Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու եւ վեր հառնելու հնարավորություն են: Այս օրերին նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել: Ես երբեք չեմ եղել սեւ-սպիտակի կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից: Իմ գործունեությամբ միշտ փորձել են համերաշխություն ու միասնականություն ապահովել մեր երկրի ներսում: Մեր խնդիրը երկրում ներհասարակական համերաշխություն հաստատելը եւ բեւեռացումների ճանապարհը փակելն է: Չկա երկու բեւեռ, այս դասը բոլորը պետք է սովորած լինեն: Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ իր սպասարկուներով, մյուս կողմում՝ ժողովուրդ եւ առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր: Մեր նպատակը ոչ թե հերթական բեւեռացման ու պառակտումների տանելն է, այլ բոլորի հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը ջախջախիչ պարտության մատները»:

Սարգսյանն ասաց, որ ինքը հաճախ է լսում իր թիմակիցներից՝ արդյոք հաղթանակի դեպքում, ինչում ինքն ավելի քան վստահ է, «պատեհապաշտները» դարձյալ չե՞ն հայտնվի իրենց շարքերում իմ ներողամտության կամ ոչ հիշաչարության արդյունքում: 

Նա պարզանանեց. «Ասեմ այսպես. այս ծանրագույն ազգային ճգնաժամում պետք է անկարեւոր համարենք ամեն ինչից, բացի պատերազմի ելքը մեր օգտին դարձնելը: Ուստի բոլոր նրանք, որոնք պետականակործան տականքի դեմ խրամատում կկանգնեն մեր կողքին, այս պահից սկսած, ոչ թե այն պահին, երբ կզգան հաղթանակի հոտը եւ իրենք էլ մեզ հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա: Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետեւանքներով հանդերձ»:

  • Կիսվել: