Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև ընտրությունների մասով խնդիրներ կան․ Գալուստ Սահակյան
Ես չեմ կարծում, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև ընտրությունների մասով խնդիրներ կան և ոչ էլ նման խնդիրներ մեզ մոտ քննարկվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով երկու նախագահների միջեւ հնարավոր տարաձայնություններին։
Նրա խոսքով՝ հունիսին ընտրություններ չեն լինելու, որովհետև այս երեք տարիներին իշխանությունից հիմնականում լսել են ստախոսություններ և սա էլ դրա մասնիկներից պիտի լինի։
Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցությունն այս պահին ընտրություններին ամենապատրաստ քաղաքական ուժն է և ցանկացած դեպքում իր դիրքորոշումները կարտահայտի։
Թե ինչ ցուցակով են գնալու ընտրության, Գալուստ Սահակյանի խոսքով, նման խնդիրներ չեն քննարկում և իրենց համար գլխավոր խնդիրն այն է, որ իշխանությունը փոխվի և իշխանության առաջնորդ դառնա հայամետ, հայապաշտպան և հայկական գաղափարախոսություն ունեցող անձ։