Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել և գործադրում, քան Փաշինյանը, հարցը Փաշինյանն է. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել եռօրյա այցելության ժամանակ հանդիպում ունեցավ տեղի ազդեցիկ տարբեր շրջանակների (տնտեսական, ճարտարարվեստի, քաղաքական, համայնքային,մարզական, մշակութային, առեւտրական, գիտական-կրթական, եւ այլն) հետ, որոնց անձամբ էր հրավիրել, տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից:
Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հանդիպմանը, որին ներկա էր նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, պատասխանելով իրեն ուղղված դիմումին՝ «պարոն նախագահ, Արցախի շրջափակման եւ ազերիական հարձակողապաշտ ընթացքի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնակա՛ն եւ ոչ միայն բարոյական», ասաց հետեւյալը. «Ես Ալիեւի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել եւ գործադրում, քան նույն ինքը՝ Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:
Նախագահի այս պատասխանի առնչությամբ ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի երկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն ասաց. «Պարոն նախագահ, մենք իբրեւ Ֆրանսիայի քաղաքացի՝ Ձեզ ենք դիմում՝ որպես մեր նախագահի, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահի, եւ ակնկալում ենք, որ ցուցաբերեք Արցախի մեր հայրենակիցներին գործնական զորակցություն:
Գիտենք, որ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, տարբեր առիթներով արծարծել է Ձեզ հետ Արցախի տագնապալի եւ հույժ մտահոգիչ կացությունը, մենք մեր հերթին դիմում ենք Ձեզ միեւնույն պահանջով ու միեւնոյն հարթությամբ: Պետք է հստակեցնել նաեւ, որ մեզ համար անընդունելի է հայապատկան դարավոր Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու որեւէ խոսակցություն կամ մտադրություն»:
Նախագահ Մակոնը եզրափակեց. «Մի կասկածեք Արցախի եւ ընդհանրապես Հայաստանի գծով վճռականությանս: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային հանրության մեջ: Գիտեք նաեւ, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական իր կցորդին, ինչը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞: Մենք պիտի անենք մեր կարողացած առավելագույնը»:


