Երջանկությունը պետական բյուջեի ծախսային ուղղություն է ու ծախսային հոդվածների որոշակի տրամաբանություն է. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարություն արեց ու ասաց՝ չի բացառում, որ այն կդառնա աղմկոտ։
«Բարձր աշխատավարձ հիմնականում ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե կառավարությունում որոշել են, որ հանրակրթական դպրոցներում աշակերտներին պետք է ուղերձ տան, ուղիղ ու աներկբա ասեն՝ «սիրելի՛ երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք»։
«Մենք, սակայն, պետք է ընդլայնենք լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակը։ Լավ ապրել, իմ կարծիքով, նշանակում է լինել երջանիկ, իսկ երբ է անհատը երջանիկ, երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով հասքնելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմանների, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին ու մշակույթին»,- ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով՝ երջանկությունը պետական բյուջեի ծախսային ուղղություն է ու ծախսային հոդվածների որոշակի տրամաբանություն է։