կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանի դպրոցներից մեկը և ևս մեկ գրադարան կանվանակոչվի ավագանու որոշումների համաձայն

Երևանի դպրոցներից մեկը և ևս մեկ գրադարան կանվանակոչվի ավագանու որոշումների համաձայն

Երևանի ավագանին մայիսի 25-ի հերթական նիստին որոշումներ կընդունի մեկ դպրոցի և մեկ գրադարանի անվանակոչումների մասին։

Մասնավորապես․ «Երևանի համար 100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունկ կանվանակոչվօ Արցախի ազատամարտի մասնակից, գրող Դավիթ Սարապյանի անվամբ՝ «Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 

Որոշման նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ  Երևանի հ.100 հիմնական դպրոցն Արցախի ազատամարտի մասնակից, գրող Դավիթ Սարապյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ դպրոցին առաջարկություն է ներկայացվել գրող, հրապարակոս Էլվինա Մելքումյանի կողմից: Հարցը քննարկվել է դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններում և արժանացել հավանության:

Դավիթ Սարապյանը ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Երևանում՝ ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն է եղել, մայրը՝ Էմմա Սարապյանը` ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սարապյանն ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ։

1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ: Աշխատել է որպես ռեժիսոր, գրել պատմվածքներ, «300 վայրկյան» վիպակը:

1990 թվականին մեկնել է ռազմաճակատ՝ առաջանագիծ, կռվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերում, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատի կազմում: Իր օրինակելի քաջության և վճռականության համար նա ահ ու սարսափ էր տարածել թշնամիների շրջանում, ադրբեջանցիները նրան անվանել են «Ահեղ Դև»։

Դավիթ Սարապյանը զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, աճյունն ամփոփված է Եռաբլուրում:

Մյուս որոշման համաձայն, «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը կանվանակոչվի Համո Սահյանի անվամբ`«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Համո Սահյանի անվան գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանը հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նույն գրադարանի տնօրեն Ն. Արզումանյանի կողմից։

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի աշխատակազմը դրական է գնահատել գրադարանը Համո Սահյանի անվամբ անվանափոխելու առաջարկը։

  • Կիսվել: