շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երբ ՀՀ-ն որևէ երկրի հետ հարաբերությունները խորացնում է, դա ուղղված չէ այլ երկրի դեմ, առավել ևս՝ դաշնակից ՌԴ-ի. Հակոբյան

Երբ ՀՀ-ն որևէ երկրի հետ հարաբերությունները խորացնում է, դա ուղղված չէ այլ երկրի դեմ, առավել ևս՝ դաշնակից ՌԴ-ի. Հակոբյան

«ՀՀ-ն այժմ բավականին բարդ իրավիճակում է գտնվում: Մենք ունենք լուրջ խնդիրներ անվտանգային միջավայրի հետ կապված, մենք ունենք բանակցային պրոցես՝ խաղաղության գործընթաց, որն ամեն կերպ փորձում ենք առաջ տանել, բայց այս ողջ գործընթացի ժամանակ մեզ անընդհատ փորձում են սադրել»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Երբ մեզ թե՛ ներսից, թե՛ դրսից, թե՛ կողքից փորձում են անընդհատ սադրել և հանել բանակցային այն պրոցեսից, որի մեջ մենք այժմ գտնվում ենք, մենք պետք է շարժվենք ՀՀ պետական շահին համապատասխան, և ՀՀ պետական շահը պահանջում է, որ ապրիլի 5-ին մեր ղեկավարի ներկայությունն այնտեղ լինի: Ես կարծում եմ, որ ՀՀ-ին ընձեռնված է հնարավորություն՝ Եվրամիության և Արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացման իմաստով, և դա մենք պետք է օգտագործենք ի նպաստ ՀՀ-ի և հայ ժողովրդի»,- ասաց Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի՝ երբ ՀՀ-ն որևէ երկրի հետ հարաբերությունները խորացնում է, դա ուղղված չէ այլ երկրի դեմ, առավել ևս՝ դաշնակից ՌԴ-ի. «Արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացումն անում ենք ՀՀ տնտեսության զարգացման, անվտանգության բարձրացման, մեր երկրի քաղաքացիների սոցիալական իրավիճակի բարելավման համար, որպեսզի մեր սահմաններն անվտանգ լինեն, և այս տրամաբանության մեջ են մեր քայլերը: ՀՀ-ն սուվերեն երկիր է, և մենք գործում ենք ի նպաստ մեր երկրի»:

Անդրադառնալով ռուսական «Միր» քարտերի սահմանափակմանը՝ պատգամավորը նկատեց՝ ՀՀ-ն, Կառավարությունը «Միր» քարտերի սահմանափակման հետ որևէ կապ չունի. «Դա մասնավոր ոլորտն է որոշում, և եթե չեմ սխալվում, որոշ բանկեր այդ որոշումը կայացրել են, որ դադարեցրել են, և կան բանկեր, որ չեն դադարեցրել: Ես այստեղ չեմ ուզում որևէ քաղաքական ասպեկտ դնել: Այս հարցը քաղաքական հարց չէ, տնտեսական և մաքուր տնտեսական ռիսկերի գնահատման հարց է, որոշումը կայացրել են բանկերը»:

  • Կիսվել: