երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երբ գերատեսչության աշխատողը կոչ էր արել վառել ինձ, բա դա ի՞նչ էր․ Նաիրա Զոհրաբյանը՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված հանձնաժողովին

Երբ գերատեսչության աշխատողը կոչ էր արել վառել ինձ, բա դա ի՞նչ էր․ Նաիրա Զոհրաբյանը՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված հանձնաժողովին

Նախ և առաջ ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հետո նոր պետք է սկսենք գլոբալ քննարկում ծավալել այս հարցով, բայց մեծ հույսեր ունեմ, որ այս աշխատանքային խումբը գործելու է անաչառ: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ իր խոսքն ուղելով «Իմ քայլը» խմբակցությանը։

Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

«Եթե նման բան եք նախաձեռնում, գոնե պետք է ունենալ առաջնային պատկերացումներ՝ արդյոք այս խնդիրը կարգավորվող է, թե ոչ: Դուք` որպես առաջարկող, պետք է ներկայացնեիք մեզ՝ ինչ փորձ կա աշխարհում, որտեղ են քրեականացրել ատելության խոսքը և ինչպե՞ս եք Դուք բնութագրում, թե որն է ատելության խոսքը, որովհետև եթե մենք պետք է զբաղվենք մի բանով, որը կարգավորվող չէ, մենք կորցնելու ենք ժամանակ»,- ասաց պատգամավորը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե հեղափոխությունից հետո ուղղորդված ատելության քարոզ չի եղել իշխանության կողմից:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց․

«Երբ գերատեսչության աշխատողը կոչ էր արել վառել ինձ ու հպարտանում էր դրա համար, բա դա ի՞նչ էր: Մի՛ ասեք, թե չի եղել հեղափոխությունից հետո որևէ ուղղվածություն, իմ դեմ եղել է Թագուհի Թովմասյանի դեմ եղել է, իմ բազմաթիվ գործընկերների դեմ եղել է, «Լուսավորի» դեմ եղել է, հիմա եթե մենք գնալու ենք այն ճանապարհով, որ ասվելու է՝ չի եղել ոչինչ, որևէ բան չի եղել, դա արդեն նշանակում է, որ մենք ազնիվ չենք սկսում մեր այս կարևոր նախաձեռնությունը»։

  • Կիսվել: