երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանը. ԵՄ դեսպանը՝ Տիգրան Խաչատրյանին

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանը. ԵՄ դեսպանը՝ Տիգրան Խաչատրյանին

ՀՀ ֆինանսերի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակվության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Նախարարությունից հայտնում են, որ Տիգրան Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԵՄ գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ-ում մակրոտնտեսական ներկա իրավիճակը և անդրադարձել տարածաշրջանային զարգացումների համատեքստում հնարավոր ռիսկերին և ազդեցություններին ՀՀ տնտեսության վրա:

Դեսպան Վիկտորինն ընդգծել է, որ ԵՄ-ն մշտապես կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և պատրաստ է շարունակել աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանն ու ներկայացրել է ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ մանրամասներ: Տիկին Վիկտորինն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ-ԵՄ համագործակցության ամրապնդմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված՝ Կառավարության ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առանցքային այնպիսի հարցերի, ինչպիսիք են  ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, իրականացվող ոլորտային բարեփոխումների բովանդակությունն ու նպատակները:

  • Կիսվել: