շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է Հայաստանը, իսկ ՀԱՊԿ-ից հստակ պատասխան չենք ստացել․ Փաշինյան

ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է Հայաստանը, իսկ ՀԱՊԿ-ից հստակ պատասխան չենք ստացել․ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից խնդրել է ճշգրտել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում:

«ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր՝ քանի որ ՀԱՊԿ-ն ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգը, որն ընդունվել է դեռևս 2010 թվականին, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում և հասկացություն ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մասին:

Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն: Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել:

Մյուս կողմից՝ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումն ինչո՞ւ է հնարավոր դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, հստակ գծագրել է, թե որն է ՀՀ-ն: Նրանք գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու:

Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չէ, թե ինչ են դիտում: Հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքներ: Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ինչպե՞ս է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ օկուպացված չէ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ավելացրեց, որ մինչև ԵՄ առաքելության գործուղումը Ադրբեջանն արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, թե իբր Հայաստանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանը փորձում է հավասարակշռել իրավիճակը ու կառավարել իր խոցելիությունը:

«Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես ՌԴ ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում փորձ էր արվում ներկայացնել Հայաստանը որպես արևմտյան դավադրության մասնակից»,- ասաց Փաշինյանը:

Քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և Արևմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, ասելով, թե դուք փաստորեն պատրաստվում եք ագրեսիվ գործողությունների, որովհետև այնտեղ ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, ցանկանալով հավասարակշռել իրավիճակը։ Հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, եկեք դիտարկեք այդ ամեն ինչը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Անկյունաքարային դրույթը նա է, որ աշխարհաքաղաքական ենթատեքստ, բնականաբար, այս ամեն ինչում չկա։ Կա կոնկրետ օրակարգ, կա կոնկրետ հարց, որը փորձում ենք լուծել»,- եզրափակեց Փաշինյանը։

  • Կիսվել: