երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Վեհաժողովում մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Վեհաժողովում մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ

Նոյեմբերի 3-ին Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպել են ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: Հանդիպմանը հեռավար ձևաչափով մասնակցել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրում զգալի բարեփոխումներ են իրականացվել: Այդ համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի լիարժեք կատարումը, ինչը ենթադրում է բարեփոխումներ դատական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարում, տեղական ժողովրդավարության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցերում, ոստիկանությունում և այլ ոլորտներում:

Էդուարդ Աղաջանյանն արժևորել է Վեհաժողովի կողմից 2021 թ. հունիսին մեր երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումը և տրված բարձր գնահատականը: Նշվել է, որ Հայաստանի բնակչությունը մանդատ է տվել կառավարությանը` շարունակելու բարեփոխումների օրակարգը:

Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ հայ խորհրդարանականները նշել են, որ Հայաստանը և Ադրբեջանը, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Սակայն Ադրբեջանը, սանձազերծելով 2020 թվականի 44-օրյա պատերազմը, խախտել է այդ պարտավորությունը:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ օրենսդիրներն ընդգծել են, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Էդուարդ Աղաջանյանն արժևորել է ԵԽ դիրքորոշումը թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ դրանից հետո՝ ընդգծելով, որ հայտարարությունները եղել են անաչառ ու կառուցողական: Նա հույս է հայտնել, որ օգտագործելով դիվանագիտական և քաղաքական գործիքները՝ կառույցի գործընկերները կստիպեն Ադրբեջանին վերադառնալու բանակցային սեղանի շուրջ:

ԱԺ պատգամավորները կարևորել են նաև ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևի ընդունումը:

  • Կիսվել: