Եկեղեցին փոփոխության կարիք չունի, եկեղեցին սուրբ է և անարատ, մենք փոխելու ենք նվիրապետությունը. Կարգալույծ քահանա
Մենք այն մտքին չենք, որ ամեն ինչ այդքան վատ է. առաջին փոփոխությունը գաղափարական է և մտքային։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ), անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի կերպ չի հաջողվում հեռացնել կաթողիկոսին վեհարանից։
«Մինչև բուն շարժումներին անցնելը, ես կուզենայի, որ դուք նաև շարժում համարեք այն, որ մարդկանց մտածողության մեջ փոփոխություն է լինում։ Հարցը այստեղից Էջմիածին հասնելը չէ, այնտեղ 100 հազարանոց մարդկանց խմբով ինչ–որ գործողություն իրականացնելը չէ։ Մեր գերնպատակը մարդկանց մտքային փոփոխությունն է, և այս ուխտագնացությունը հենց նրա համար էր, որ մարդիկ փորձեն այս ամբողջ ճանապարհը, որ պետք է հասնեն այս եկեղեցի, խորհրդանշական իմաստով կարծեք թե Երուսաղեմ գնալն էր և Քրիստոսի հետ հանդիպելը, նրա հետ խոսելը, նրա օրհնությունը ստանալը»,–ասաց նա։
Հարցին՝ ի՞նչն են փոխելու եկեղեցում, Ստեփան Ասատրյանը պատասխանեց. «Եկեղեցին փոփոխության կարիք չունի, եկեղեցին սուրբ է և անարատ, մենք փոխելու ենք նվիրապետությունը։ Նվիրապետությունը հոգևորականների մտածողությունն է, որը տեսնում ենք, որ Սուրբ գրքից և եկեղեցու սրբազան ավանդույթներից կտրված են։ Այսինքն բարձրաստիճան հոգևորականների մի խումբ կա, որոնց անելիքը Աստծո արքայության քարոզումն էր սեփական ժողովրդին, և Աստծո խոսքով կերակրելն էր, բայց մենք տեսնում ենք, որ մեր հոգևորականության վերադասը մոռացել է իր անելիքների մասին և անում է բաներ, որոնք հոգևորականին հարիր չեն։
Բոլոր այն մեղավորները, որոնք կցանկանան հրաժարվել սեփական մեղքից, գալ դառնալ մեկը, ով կազատագրի մեղքից և իրեն և այս եկեղեցին, մենք կոչ ենք անում միանալու այս շարժմանը, այսկերպ հրաժարվելով սեփական մեղքերից։ Եթե մնացած եպիսկոպոսներն էլ ցանկություն կունենան մաքրվելու, իրենց համար այդ դռները բաց են։


