շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դուրս եք եկել ձեր լիազորություններից և դրա համար քաղաքական պատասխանատվության եք կանչվելու. Բաբաջանյանը՝ ԲԴԽ նախագահին

Դուրս եք եկել ձեր լիազորություններից և դրա համար քաղաքական պատասխանատվության եք կանչվելու. Բաբաջանյանը՝ ԲԴԽ նախագահին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը «մարտակոչ էր», որն ուղղված էր ոչ թե դատավորներին, այլ քաղաքական դաշտի մի հատվածի: Վարդազարյանին ուղղված իր հարցում Բաբաջանյանը նշեց, որ ԲԴԽ նախագահի այդ կոչից հետո քաղաքական այդ հատվածի դերակատարները ավելի անպատկառ ու ահաբեկչական հայտարարություններով սկսեցին հանդես գալ:

«Որովհետև ձեր մարտակոչը ուղիղ պաշտպանության տակ էր առնում այդպիսի գործողությունները: Դուք կրքեր եք վկայաբերում, ի՞նչ գործ ունեք հասարակության կրքերի հետ: Դուք ձեր գործով զբաղվեք: Խնդրում եմ, որ այդ խիզախությունն ունենաք ու ասեք, որ դուրս եք եկել ձեր լիազորություններից և քաղաքական հայտարարությամբ եք հանդես եկել և դրա համար դուք անպայման քաղաքական պատասխանատվության եք կանչվելու: Որովհետև դրանից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, մարդիկ են անպատիժ մնացել: Եվ կարծում եմ՝ իշխանությունը այդքան խիզախություն պիտի ունենա այդ հարցը մշտապես օրակարգում պահելու և ձեզ պատասխանատվության կանչելու համար»,- նշեց Բաբաջանյանը:

«Իմ կոչը քաղաքական չի եղել, դա զսպման կոչ է եղել դատավորներին, և քաղաքական դրդապատճառ նույնպես իմ կոչը չի ունեցել: Իսկ այն, ինչպես դուք եք մեկնաբանում իմ կոչը, ապա դուք ինձնից լավ գիտեք և՛ դատախազության, և՛ հատուկ քննչական ծառայության տեղը, և եթե գտնում եք, որ իմ արարքում կա հանցակազմ, ապա ես չէ, որ պետք է բացատրեմ»,- պարզաբանեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Ցավոք, իհարկե գիտեմ տեղերը և՛ դատախազության, և՛ հատուկ քննչական ծառայության, միևնույն ժամանակ գիտեմ նաև, որ դատական համակարգը այնպիսի իրավիճակի եք բերել հանգեցրել ձեր աշխատանքի ընթացքում և դատական համակարգի հանդեպ վստահությունը բարձրացնելու փոխարեն այնպես եք հեղինակազրկել ձեր աշխատանքով, որ ընդհանրապես կարծում եմ՝ ո՛չ դատախազությունը, ո՛չ քննիչները այլևս ձեր պատճառով դատական համակարգի ողբերգական վիճակի պատճառով չեն ցանկանում գործ քննել, որովհետև դատարաններում այդ գործերն ուղղակի փլվում են: Ինչպես նախկինում Սերժ Սարգյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին հանձնարարում այս կամ այն գործի ելքը դատարանում, հիմա էլ նույն դերակատարների, Բաղրամյան փողոցում հավաքված ձեր անմիջական շրջապատի, Ռոբերտ Քոչարյանի նազիր-վեզիրների հրահանգներով քաղաքական այդ գործերը նույն ճակատագրին են արժանանում արդեն ձեր մասնակցությամբ ու ներգրավմամբ»,- արձագանքեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

  • Կիսվել: