կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին

Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին

Ակնհայտ է, որ ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ: Խաղաղապահներին բերեք, հետո գաք, ասեք, որ նախկին իշխանություններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մենակով մեր անվտանգությունը չենք կարողանալու ապահովենք: Ստեղծեք մի իրավիճակ, որտեղ կկարողանաք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել: Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:

«Իշխանափոխություն իրականացնելու համար որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, և որոշ մարդիկ էլ արդեն վաճառել են, և ոչ միայն հոգիները, այլև ինչ հնարավոր է վաճառել:

Զարմանում եմ, որ մտածում եք, որ ՀՀ ժողովուրդը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել և չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, թե որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են ուղղորդում: Նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ մի միավոր որևիցե կազմի մեջ, ասենք՝ Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, որը 30 տարի եղել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաև հայտարարեց, որ չեն թողնելու՝ Հայաստանն իր անկախությունը կորցնի. «Հայաստանն ունի, ունենալու է իր հստակ սահմանները: Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդն ընտրություն է կատարելու»:

Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «կտոր-կտոր» փորձում են ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն:

«Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա ու, խոսքն ուղղելով ընդդիմությանը, հավելեց՝ չեք խաբելու ժողովրդին և մեզ:

Նա ընդդիմադիներին կոչ արեց մանդատները վայր դնել։

«Դուք կարաք մանդատ դնե՞ք։ Իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք, մինչև եսիմ ուր կհասնի։ Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարանք տասը ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Ժողովրդին գժի, էշի տեղ մի դրեք»,- նշեց ԱԺ նախագահը։

«Գեղամ Մանուկյանը վերջին հայհոյանքներն է գրում, Իշխան Սաղաթելյանը վերջին հայհոյանքներն է տալիս հարցազրույցի ժամանակ, Քոչարյան Լևոնի օգնականը լրագրող է ծեծում, գիտես ես չեմ ուզո՞ւմ լրագրող ծեծեմ, ես դրա իրավունքը չունեմ»,- ընդգծեց ԱԺ նախագահը:  

Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց, որ իր ելույթը քաղաքական է ստացվել ու գլխավոր դատախազին անդրադարձ չի կատարել:

«Միայն մի անդրադարձ ունեմ՝ ինչո՞ւ Վիննի Պուխն ու իր փուչիկները մինչև հիմա բանտում չեն, բայց դա էլ է ժամանակի հարց»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: