երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ կառավարությունը զիջում է Հայաստանի մարտավարական դիրքը ու թուլացնում պաշտպանությունը․ հասկանալի չէ, թե դրա դիմաց ի՞նչ է ստանում Հայաստանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

«Եթե դելիմիտացիա չի արվում, ապա ինչի՞ հիման վրա է արվում դեմարկացիան։ Եթե սա լինել հայելային սկզբունքով, գուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ, բայց այսպես վարվելով ուղղակի հայտնվում ենք շատ թույլ ու վատ վիճակում։ Այս դիրքորոշումից հետո ինձ մոտ հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»,- իր խոսքում նշեց Լեւոն Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա դիմաց Հայաստանը ստանում է պետական սահման․ «Մեր անվտանգությունը պետք է հենվի այդ թվում՝ լեգիտիմության հիմքերի վրա մենք պիտի ունենանք պետական սահման։ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը կառավարության օրակարգում է»։

 Լեւոն Քոչարյանն արձագանքեց, որ այդ մոտեցումը չի կիսում Ադրբեջանը․ «Դրա համար մենք միշտ կանգնում ենք մի իրավիճակի առաջ, երբ լսում ենք, որ Հայաստանից հնչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը,  բայց չենք ստանում հակառակը։ Դուք անընդհատ տալիս եք, դիմացը չենք ստանում։ Մտահոգիչ են Ադրբեջանի կոչերը։ Փոխզիջման տարբերակը չի աշխատում»։

Փաշինյանը այս անգամ էլ ԱԺ ամբիոնից կրկին ցուցադրեց ՀՀ քարտեզը՝ նշելով․ «Ի՞նչն ենք զիջում։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, որի վարչապետն եմ, եւ պայմանավորվածությունը, որն արձանագրվել է միջազգային մակարդակում, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է ճանաչեն։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, եւ որեւէ մեկը չի պատրաստվում որեւէ մեկին Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք զիջել։ Այո, կան Հայաստանի Հանրապետության տարածքներ, որոնք գտնվում են օկուպացիայի տակ»։

  • Կիսվել: