երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դավիթ Առաքելյանը կարևորել է տարբեր երկրների խորհրդարանների աշխատակազմերի հետ համագործակցության աշխարհագրության ընդլայնումը

Դավիթ Առաքելյանը կարևորել է տարբեր երկրների խորհրդարանների աշխատակազմերի հետ համագործակցության աշխարհագրության ընդլայնումը

Աշխատանքների հաշվետվողականությունը և թափանցիկությունն այն կարևոր անկյունաքարերն են, որոնց վրա հիմնված՝ մենք իրականացնում ենք մեր համատեղ ծրագրերը: Ինչպես և նախորդ տարիները, այս տարին եւս լի էր համատեղ աշխատանքային ձեռքբերումներով, որոնք հիմք են նախապատրաստում ապագա նոր ծրագրերի իրականացման համար: Խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների համակարգող հերթական հանդիպմանը՝ նոյեմբերի 13-ին, ողջունելով հյուրերին, ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: Նրա դիտարկմամբ ավանդական դարձած պարբերական հանդիպումները միտված են ոչ միայն ամրապնդելու գործընկերային հարաբերությունները, այլև հաշվետու լինելու այն համատեղ աշխատանքի վերաբերյալ, որն իրականացվում է:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ԱԺ աշխատակազմին ցուցաբերվող աննախադեպ օժանդակության համար: «Այս տարի եւս ունեցել ենք համագործակցության սիներգիայի օրինակներ, երբ մի նախագծի շուրջ աշխատել են մի քանի միջազգային կազմակերպություններ. այս փորձն օրինակելի է մեզ համար և արժանի բարձր գնահատականի: Փորձ, որը, վստահ եմ, կլինի շարունակական և կընդգրկի տարբեր բնագավառներ»,- ասել է Դավիթ Առաքելյանը:

Նրա խոսքով համագործակցության նպատակն է զարգացնել և հզորացնել աշխատակազմի աշխատակիցների կարողությունները, ուսումնասիրելով համաշխարհային լավագույն փորձը՝ տեղայնացնել այն՝ հաշվի առնելով թե՛ Հայաստանի օրենսդրությունը, թե՛ աշխատանքային և մարդկային առանձնահատկությունները:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարևորել է տարբեր երկրների խորհրդարանների աշխատակազմերի հետ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի համագործակցության աշխարհագրության ընդլայնումը, ինչպես նաև աշխատանքային համագործակցության յուրահատուկ հարթակի ստեղծումը, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների հետ:

«Կանադան բացել է դեսպանատուն Հայաստանում, քանի որ Հայաստանը հանձն է առել ժողովրդավարական գործընթացներ, որոնց ականատեսն ենք վերջին տարիներին: Սա  ամրապնդել է կապերը երկու երկրների միջև, ինչպես նաև ավելի լայն հնարավորություններ է տալիս համագործակցության համար: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող է Կանադան աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Առանցքային կետերից մեկը, անշուշտ, Խորհրդարանական կենտրոնի հետ աշխատանքն է»,- ասել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները:

«Սա կարևոր հանդիպում է, որտեղ բոլոր գործընկերները կիսվում են տեղեկատվությամբ, սովորում միմյանցից, ինչպես նաև պլանավորում ապագա ծրագրերի իրագործումը: Այս հարթակը ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի կողմից հաստատվելուց հետո տարիներ անց Հայաստանի խորհրդարանն այս համագործակցությունն իր ձեռքն է վերցնում, ինչը գերազանց առաջխաղացում, ձեռքբերում է մեր համագործակցության շրջանակում»,- ասել է ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ հավելելով, որ ծրագրի նպատակն է նպաստել քաղաքականությունների մշակման և վերահսկման մեխանիզմների զարգացմանը: Խոսելով 2023 թվականի ձեռքբերումների մասին՝ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել է հատկապես սիներգիայի միջոցով համագործակցությունը, ԱԺ ներգրավվածությունը քաղհասարակության և հանրության հետ աշխատանքներում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը գործընկերների հետ համատեղ ներկայացրել է իրականացրած աշխատանքները: Նրա գնահատմամբ արդյունքային ցուցանիշների տեսանկյունից բավականին լուրջ ձեռքբերումներ են գրանցվել:

Հեղինե Խաչիկյանը նշել է, որ GIZ-ի հետ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի գործունեությունն այս տարի բավականին արդյունավետ է եղել: Նա անդրադարձել է ցանցի ներսում թեմատիկ աշխատաժողովների անցկացմանը, Գերմանիայի Բունդեսթագում իրականացված ուսուցողական այցերին, ինչպես նաև Գերմանիայի Hertie School of Governance-ում ցանցի անդամ խորհրդարանների կին ղեկավարների վերապատրաստմանը:

Տարածաշրջանային ծրագրի ղեկավար, Հայաստանում ազգային ծրագրերի համակարգող Հրաչ Յարմոլյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության անունից ողջունելով գործընկերներին, նշել է, որ ԱԺ աշխատակազմն ունի մի շարք նորարարություններ և ձեռքբերումներ, որոնք կարող են արտահանվել և ներդրվել այլ երկրների փորձում: Նա շեշտել է, որ Արևելյան գործընկերության հարթակի շրջանակում շարունակվելու է արդյունավետ աշխատանքը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Հրաչ Յարմոլյանը նշել է, որ շարունակվելու է համագործակցությունը Գերմանիայի Բունդեսթագի և տեղական խորհրդարանների հետ:

Խոսելով Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) հետ իրականացված աշխատանքների մասին՝ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում այս տարի նախատեսված բոլոր թրեյնինգներն ընդգրկվել են մեկ՝ «Աշնանային դպրոց» ծրագրում: Թեմատիկ թրեյնինգներն անցկացնում են լավագույն մասնագետները՝ հագեցած օրակարգերով: Նա ընդգծել է ՄՀԻ-ի կողմից ամենամյա իրականացվող թեմատիկ հարցումները, որոնց արդյունքում ստացված տեղեկատվությունը կարևոր է ԱԺ աշխատակազմի համար՝ գնահատելու գործունեության աշխատանքային ցուցանիշները:

Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը մանրամասներ է ներկայացրել ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության աշխատակազմի հետ իրականացրած աշխատանքների, գործնական վերապատրաստումների, առցանց քննարկումների վերաբերյալ: «Մենք եռանդուն աշխատանք ենք կատարել խորհրդարանի սոցիալական ցանցերի կառավարման ռազմավարության շրջանակում: Երկարատև քննարկումներից հետո պաշտոնապես ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման ռազմավարությունը»,- մանրամասնել է Ջեյմս Դե Ուիթը՝ հավելելով, որ այն կօգնի ԱԺ աշխատակազմին` հանրության հետ արդյունավետ հաղորդակցվել: Նրա խոսքով ՄՀԻ-ն մշտապես պատրաստ է աջակցել խորհրդարանի աշխատակազմին նման նախաձեռնություններում:

Խոսելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (ԱԺԻ/ NDI) հետ իրականացրած ծրագրերի մասին՝ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ 2024 թվականին ԱԺ-ն արդեն չորրորդ տարին է՝ հյուրընկալելու է ԱԺԻ-ի և ԱԺ կողմից հավաքագրված ֆելոուներին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն հանդիպել է «Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագրի» մասնակիցների հետ: Հեղինե Խաչիկյանն ընդգծել է, որ ունենք հաջողության պատմություններ ֆելոուների մասին, որոնք շարունակում են իրենց աշխատանքը նաև Հայաստանի խորհրդարանում:

ԱԺԻ «Կանանց հզորացման ծրագրի» ներկայացուցիչ Լաուրա Սիմոնյանն ընդգծել է, որ ԱԺԻ-ն սերտորեն աշխատում է նաև ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, որի նպատակն է ապահովել խմբակցությունների կապը քաղաքացիների հետ՝ տարբեր համայնքային հանդիպումների միջոցով: Աշխատանքներ են իրականացվում՝ պատրաստելով տեսանյութեր խմբակցությունների կիսամյակային ամփոփ զեկույցների շրջանակում: Թիրախային աջակցություն է տրամադրվում կին պատգամավորներին, որի նպատակն է նպաստել նրանց դերի և հանրային ճանաչելիության և առաջնորդության բարձրացմանը:

Շուրջ հինգ տարի է, ինչ գործում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, որը մի քանի ամսից կավարտվի: Հեղինե Խաչիկյանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Նա առանձնացրել է երեք արդյունքային ցուցանիշ. Օրենսդրական վերահսկողության և քաղաքականության մշակման որակի բարելավում, Թափանցիկություն և հաշվետվողականություն ու Պատգամավորների աշխատանքում ներդրված օրենսդրական արագ արձագանքում, ներառականություն և մասնակցային մոտեցում:

Խոսելով «Կանադական խորհրդարանական կենտրոնի»  հետ արդեն չորրորդ տարին իրականացվող աշխատանքների մասին՝ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ հաջողությամբ ներդրվել է ռազմավարական ծրագիր՝ կարիքների գնահատման արդյունքում: Մշակվել է 2023-2024 թվականների գործառնական ծրագիրը: Նա կարևորել է երիտասարդության, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և աշխատակազմի համատեղ աշխատանքների պլատֆորմի ապահովումը:

Հեղինե Խաչիկյանն անդրադարձել է նաև Հայաստան-Կանադա խորհրդարանների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման կազմակերպմանը, խորհրդարանական ինտերնատուրայի շարունակմանը՝ քաղաքացիների ներգրավման և ներառականության թեմաներով:

Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել կատարված տպավորիչ աշխատանքի համար` ընդգծելով տարբեր ծրագրերի շուրջ առկա ներքին համագործակցությունն ու համակարգումը. «Կա դինամիկա, կա ոգի, համակարգված ջանքեր... Ունենք շատ հավակնոտ ծրագրեր, երբ խոսքն արդյունավետ, թափանցիկ, պրոֆեսիոնալ օրենսդրական մարմին ունենալու մասին է՝ որպես Հայաստանի ժողովրդավարության բաղկացուցիչ մաս: Ժամանակ և համատեղ ջանքեր են պահանջվում այս ուղիով գնալու համար»,- նշել է ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի մշտական ներկայացուցիչը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է նոր համագործակցության և իրատեսական ծրագրերի իրականացման: 

  • Կիսվել: