շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Դատարանների վրա ճնշումների մասին հայտարարությունները զավեշտ են․ Ռուստամ Բադասյան

Դատարանների վրա ճնշումների մասին հայտարարությունները զավեշտ են․ Ռուստամ Բադասյան

Հանրությունն իրավունք ունի իմանալ, թե արդարադատություն իրականացնող անձիք ովքեր են։ Քրեական ենթամշակույթի առկայությունը եւ ընդհանրապես կազմակերպված հանցավորությունը հասարակական շատ ոլորտներում է խնդիրներ առաջացնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով կառավարության մշակած կարգավորմանը, որով  քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, նախարարը նշեց․

«Այդ ոլորտի խնդիրների լուծման քայլերից մեկը հենց քրեական պատասխանատվություն նախատեսելն է այնպիսի արարքների համար, որոնք մենք նկարագրել ենք։ Բնականաբար այդքանով ոչ սկսում է, ոչ ավարտվում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ուղղակի հանրային առավել վտանգավորության արարքները քրեականացնող նախագիծ ենք ներկայացնել»,-նշեց նա։

Խոսելով դատարնների վրա ճնշումների մասին հայտարարության վերաբերյալ, Բադասյանը հայտնեց․

«Մենք դատական օրենսգրքում ներառել ենք դատավորների թեկնածուների ստուգման որոշակի մեխանիզմներ: Դեռ շարունակելու ենք նման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության ինստիտուտն ենք կատարելագործում, ավելացնելու ոչինչ չունեմ, բացի նրանից, որ վերից վար կոռումպացված հստակ մեխանիզմներով գործող դատական համակարգը, որը գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի մայիս-հունիս ամիսները, որտեղ ուղղակի հաստատված դրույքաչափերով կաշառքները վերից վար, վարից վեր իջել են, օրինակ նախկին ՄԻՊ-ի հայտարարությունը, նմանատիպ դատական համակարգի պայմաններում լռել, լռել այն պայմաններում, երբ այդ համակարգը  բացառապես կախված է եղել գործադիրից եւ իշխանափոխությունից հետո, երբ մենք ձեռնարկում ենք դատաիրավական բարեփոխումներ, երբ մենք ասում ենք՝ եկեք դատական համակարգի անկախությունն ապահովենք, քաղհասարակությանն ասում ենք՝ եկեք ներգրավվեք, եւ այդ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանել որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի որեւէ այլ տպավորություն չի թողնում»։

  • Կիսվել: