շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Դատական համակարգը ստեղծված է եղել, որպեսզի սպասարկի ռեժիմին. Ալեն Սիմոնյան

Դատական համակարգը ստեղծված է եղել, որպեսզի սպասարկի ռեժիմին. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունը զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը

«Քաղաքական առումով այդ երկու անձնավորությունը տասնամյակներ շարունակ ստեղծել են այն Հայաստանը, որը պետք է սպասարկեր իրենց: Այդ սպասարկման համակարգի մի մասն է եղել դատական համակարգը։ Այն լիովին ստեղծված է եղել, որպեսզի սպասարկի  այդ ռեժիմին: Դրա պատճառով էր, որ միջազգային տարբեր կառույցները, լրագրողները խոսել են Հայաստանում քաղբանտարկյալների, տնտեսական ոլորտում սեփականատերեր փոխելու, Բաղրամյան 26-ից դատավորներին զանգահարելու մասին»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, այսօր դատական համակարգում խնդիր կա, դրա համար էլ դատական համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման:

«Մենք փոխեցինք իշխանությունը, հետո խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ: Ես կհիշեցնեմ հոկտեմբերի 2-ը, երբ փորձ արվեց կանգնեցնել համաժողովրդական շարժումը, հեղափոխությունը: Ուզում եմ գաղտնիք բացեմ: Հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ Ազգային ժողովի բակում տոնակատարություն էր տեղի ունենում խորհրդարանի 100-ամյակի հետ կապված: Այնտեղ ՀՀԿ-ի պատգամավորներից երկուսն ասացին, որ քիչ է մնացել՝ «մենք ձեզ թերագնահատեցինք, հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք, թե ինչ կլինի մի քանի օր անց»: Ես չեմ ուզում նրանց անունները տալ: Ես չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, որից հետո եղավ հոկտեմբերի 2-ը»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Նա ասաց, որ այժմ խնդիր կա դատական համակարգում, այդ մասին բոլորն են խոսում, բայց երբ քայլ է արվում խնդիրը լուծելու համար, ասում են, թե իշխանություններն իրենց հաճո դատական համակարգ են ուզում:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ խոսքը չի վերաբերում բոլոր դատավորներին: «Մենք ուզում ենք ստեղծել դատական համակարգ, որը կգործի որպես իշխանության երրորդ ճյուղ»,-ասաց նա։ 

Դիտարկմանը՝ եթե որևէ դատավոր չընդունի իրենց առաջարկը, ի՞նչ է լինելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Սա մեկնված ձեռք է բոլորին: Հիմա կա կոնկրետ մեկնված ձեռք, թե ով կսեղմի այդ ձեռքը, ես չգիտեմ: Ի՞նչ է լինելու, որևիցե կատաստորֆիկ բան չի լինելու, գնում ենք առաջ, մեկնում ենք մյուս ձեռքը: Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե մենք նստած մտածում ենք՝ բա էսօր ի՞նչ անենք, որ այդ հարցը լուծվի, որովհետև այդ հարցը էսպես թե էնպես լուծվելու է. հավատացե՛ք, դա մեր օրակարգի խնդիրների մեջ նույնիսկ առաջին տասնյակի մեջ չէ»։

  • Կիսվել: