հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դանիել Իոաննիսյանը պարզաբանել է ՍԴ՝ չպատվաստված անձանց համար կորոնավիրուսի թեստի պարտադիր պահանջի վերաբերյալ որոշումը

Դանիել Իոաննիսյանը պարզաբանել է ՍԴ՝ չպատվաստված անձանց համար կորոնավիրուսի թեստի պարտադիր պահանջի վերաբերյալ որոշումը

«Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը պարզաբանել է Սահմանադրական դատարանի որոշումը չպատվաստված անձանց համար կորոնավիրուսի թեստի պարտադիր պահանջի վերաբերյալ։
Իոաննիսյանը մասնավորապես, գրել է․
 

«Արամ Վարդևանյանին անգրագետ չես անվանի: Եվ ուրեմն այս սուտ նառատիվը ինքը տարածում է մտածված:

Սկզբից ակնհայտ սուտ տպավորություն է ստեղծում, որ ՍԴ-ն որոշել է, որ ՊՇՌ թեսթավորումը պետք է անվճար լիներ: Ու, մի բան էլ, խոսում է նրանից, որ արդեն վճարված թեսթերի գինն էլ պետք է վերադարձվի:

Մարդկանց մոտ ակնկալիք է ձևավորվում, որ իրենց ինչ որ մեկը պետք է ապագա, կամ, միգուցե, նույնիսկ անցյալ թեսթերի փողը տա: Ակնկալիք, որը չունի որևէ հիմք:

Մարդիկ այդ փողը չեն ստանում, թեսթերի համար շարունակում են վճարել ու բարկանում են պետության ու իշխանության վրա` իրենց կարծիքով իրենց լեգիտիմ ակնկալիքը չիրականացնելու համար:

Հ.Գ. Պարզաբանեմ. Նախկինում գործատուն կամ որևէ այլ մեկը իրավունք չուներ աշխատողի փոխարեն թեսթի գումարը վճարելու: ՍԴ-ն հանեց այդ արգելքը և հիմա աշխատողի թեսթի համար կարող են վճարել այլ անձինք (օրինակ` գործատուն): Կարող են, բայց պարտավոր չեն»:

Նշենք որ,   Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:

Հավելենք  նաև՝ այսօր ՀՀ կառավարությունից հայտնեցին, որ ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, չպատվաստված աշխատողները պարտավոր են իրականացնել թեստավորում։ 

«Չի նախատեսվում արտոնյալ և անվճար պայմաններով ապահովել չպատվաստված աշխատողների ՊՇՌ թեստավորումը, հետևաբար նախարարի հրամանից ելնելով՝ չպատվաստված աշխատողներն ամեն դեպքում պարտավոր են իրականացնել թեստավորում և իրավական կարգավորումներով նախատեսված ընթացակարգերով ներկայացնել թեստավորման արդյունքները գործատուին»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: