ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի. Հայաստանը պատրաստ է բանակցությունների. վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի. Հայաստանը պատրաստ է բանակցությունների. վարչապետ

ՀՀ վարչապետը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրան՛՛

Վարչապետը շեշտեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել: ՛՛Երբ նայում ենք բանակցային թղթերը, ի վերջո այդ ողջ գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Մենք էլ դա որպես խաղաղության օրակարգ ունենք և պետք է հետապնդենք խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը: Բայց ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ պետք է բանակցել: Հայաստանը պատրաստ է բանակցել: Ի վերջո այս բոլոր հարցերի քննարկումները հենց այդ խնդիրները լուծելու համար է՛՛,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք պաշտոնական Երևանը մտադիր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և արդյոք ադրբեջանական կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության դեպքում հնարավոր է հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ Փաշինյանն ասաց. ՛՛Կուզեի վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ընկալելիս որոշ նրբություններ նկատենք, որոնք մեր իրականությունում չեն ընկալվում, և տարբերակենք այդ հայտարարությունների մեջ ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը: Վերջերս մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ մի շատ կարևոր դիտարկում հնչեցրեց: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո:

Օրինակ, երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994 թվականից հետո տասնյակ տարիներ Հայաստանից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Հաճախ հնչում են հայտարարություններ Երևանի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին և այլն: Վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է: Այսինքն՝ այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի տարր կա, և մենք պետք է դա հաշվի առնենք: Այդ էմոցիոնալ հանգամանքը օգտակար չէ գործընթացների համար՛՛:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև քննարկումներին, թե արդյոք Հայաստանը պե՞տք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս առնչությամբ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, և նման համաձայնագիր վավերացրել է նաև Ադրբեջանը:

Նրա խոսքով՝ բանակցային հիմք դարձած Մադրիդյան սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել են:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու օրակարգի մասին: ՛՛Դա մեզ համար ռազմավարական օրակարգ է: Երբ մենք դա որդեգրել ենք և արձանագրել կառավարության ծրագրում, ես բազմիցս ասել եմ, որ հասկանում ենք՝ սա ամենևին մեզնից չի կախված, բայց որ մենք այդ օրակարգին հետևողականորեն հետևելու ենք, դա ակնհայտ է: Ես ուզում եմ, որ մենք հարցերին ռացիոնալ դաշտում նայենք՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: