ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չեմ վիճարկում, որ իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հայերի հետ կապված բարդություններ է առաջացրել. Արսենյան

Չեմ վիճարկում, որ իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հայերի հետ կապված բարդություններ է առաջացրել. Արսենյան

Ես չեմ վիճարկում, որ ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հայերի կյանքի, ներկայի և ապագայի հետ կապված բարդություններ է առաջացրել: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Մենք դա պատկերացնում էինք, դրա համար մեր պետական գործիչները բանակցությունների ընթացքում արծարծում են արցախահայության կյանքի, ներկայի և ապագայի հետ կապված երաշխիքների հարցը: Դուք երկրի ղեկավարից լսեցիք, որ Արցախի ժողովրդի կյանքի, իրավունքների եւ անվտանգության հարցն անընդհատ քննարկվում է  բանակցությունների ժամանակ: Առայժմ Ադրբեջանի ղեկավարությունն ընդառաջ քայլ չի արել այդ քննարկումներին, սակայն կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարն էլ ծանրացնում է բանակցային իր դիրքերը, փորձում է բանակցային առավելություն ստանալ»,–ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որտեղ նա Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելը կարմիր գծերի հատում է համարել, Գուրգեն Արսենյանն ասաց, որ իր կողմից հարգված, իր ընկեր ու բարեկամ Արայիկ Հարությունյանի գնահատականները Արցախի օրինական ղեկավարի գնահատականներ են այն իրավիչակին, որն այսօր ձեւավորվել է. «Ինքն ունի իր տեսակետը, երբ գնահատական է տալիս ՀՀ իշխանությանը: Մենք որեւէ մեկին չենք սահմանափակում, որ գնահատական տա մեր գործունեությանը: Մենք մեր գործունեությունն իրականացնում ենք, որ քաղաքական թիմի վերջնական գնահատականը ձեռք բերված արդյունքների նկատմամբ հասարակության վերաբերմունքն է:  Դա արտահայտվում է ընտրություններով:

Եթե մեր քաղաքական կուրսը, պատկերացումները դուրս կգան մեր հասարակության պատկերացումների շրջանակից դեպի վատը, հասարակությունը գնահատական կտա ընտրությունների ժամանակ»:

Լրագրողի դիտարկմանը, որ ՔՊ նախընտրական ծրագրում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի խոստում կար, Արսենյանը արձագանքեց, որ այն այդ պահին դա իրենց ցանկությունն ու փափագն էր, բանակցություններում փորձում են առաջ տանել արցախցիների իրավունքի հարցը, իսկ այսօր իրականությունն այլ է և չպետք է դիմել արկածախնդրությունների:

  • Կիսվել: