Բանկային համակարգին հնարավորություն ենք ընձեռում խուսափել ցնցումների մեջ ընկնելուց. Արսենյանը՝ ԼՂ կառավարության պարտքը ստանձնելու մասին
Նախագծի հետ կապված իմ մտորումները հակասական էին, սակայն ես պատասխանատվություն եմ վերցնում` ասելու, որ կողմ եմ քվեարկելու այս հարցին: Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ՀՀ-ին ԼՂ կառավարության պարտավորությունների պահանջի զիջման մասին նախագծին:
«Սա պատասխանատվության իրացում է, ՀՀ Կառավարության կողմից ստանձնած և իրացվող պատասխանատվություն է, որը նաև մեր պետության ու մեր հասարակության համար չափահաս լինելու վկայությունն է: Ինչո՞ւ, որովհետև այս իրավիճակը, որը մենք ունենք, հետևանք է նաև այն պատերազմի, որը սանձազերծեց Ադրբեջանը, և այն իրադարձությունների, որոնք մենք ստացանք այդ պատերազմի հետևանքով:
Մենք՝ որպես քաղաքական իշխանություն իրականացնող թիմ, մեզ վրա վերցնում ենք այդ պատասխանատվությունը, որ մինչև վերջ մեր հասարակության և մեր քաղաքացիների առջև, այդ թվում՝ ԼՂ-ի մեր հայրենակիցների առջև ստանձնենք և իրականացնենք այն պարտականությունները, որոնք ունենք: Մենք չենք խուսափում այդ պարտականություններից»,- ասաց նա:
Գուրգեն Արսենյանը նաև ընդգծեց, որ նախագծով բանկային համակարգին հնարավորություն է տրվում խուսափել ֆորսմաժորային իրավիճակից:
«Այդ ֆինանսական պարտավորությունների իրացման հետևանքով նաև մենք ՀՀ տնտեսական կարևորագույն համակարգերից մեկին՝ բանկային համակարգին, հնարավորություն ենք ընձեռում խուսափել ցնցումների մեջ ընկնելու և ֆորսմաժորային վիճակում հայտնվելու իրավիճակից»,- ասաց նա: