Չեմ կարծում, որ ընդհանուր եզր գտնելու հնարավորությունը սպառված է. Աբրահամյանը՝ իմպիչմենտի գործընթացի մասին
Կան հարցեր, որոնց հետ կապված մոտեցումները տարբեր են։ Իհարկե, չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ ընդհանուր եզր գտնելու հնարավորությունը սպառված է։ Այս մասին, այսօր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով իմպիչմենտի գործընթացում «Հայաստան» խմբակցության դիրքորոշման մասին հարցերին։
Նա նշեց, որ իր համար սպասելի չէր այդ դիրքորոշումը, ստեղծված իրավիճակում ողջամիտ ճանապարհը պարզապես իմպիչմենտի գործընթացի համար ձևաթղթի տակ ստորագրելն է։
«Լսեցինք մոտեցումը, թե ինչով է պայմանավորված այս պահին ձևաթղթի տակ չստորագրելը։ Ստացանք իրենց հավաստիացումները՝ ինչ-որ փուլում կգան ու կտան իրենց ստորագրությունը»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունում կան մեծ թվով մարդիկ, ում լավ են ճանաչում, կան մարդիկ, որոնք իրականում գիտակցում են երկրում ստեղծված իրավիճակը։
«Քաղաքական իրավիճակն այդպիսին է, աշխատանքը մի քանի հարթությունում է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։