կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չեմ հասկանում՝ ինչի համար է այսքան աղմուկ բարձրացել․ Մեսչյանը՝ Գրապալատի հուշարձան-շենքում կատարվող փոփոխությունների մասին

Չեմ հասկանում՝ ինչի համար է այսքան աղմուկ բարձրացել․ Մեսչյանը՝ Գրապալատի հուշարձան-շենքում կատարվող փոփոխությունների մասին

Երևանում այնքան աղճատված կառույցներ կան, որոշները շատ ավելի արժեքավոր են։ Այս մասին այսօր «Ազատություն TV»-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող Գրապալատի հուշարձան-շենքում կատարվող փոփոխություններին։

Երևանի Գևորգ Քոչար 21 հասցեում գտնվող Գրապալատի հուշարձան-շենքում արդեն մի քանի օր է, ինչ տրամադրվել է Մնջախաղի թատրոնին, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։ ԿԳՄՍ նախարարությունը նշել էր, որ ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակներում, և նրանք ամեն ինչ անելու են, որ հուշարձան-շենքի տեսքի խաթարում ու շեղում չլինի։

Սակայն որոշ ճարտարապետներ պնդում են, որ կատարվող փոփոխություններն աղավաղում, աղճատում են հուշարձան-շենքի տեսքը: Շենքի տեսքը պահպանելու նպատակով ստորագրահավաք է սկսվել։

Երևանի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ երկար տարիներ Մնջախաղի թատրոնն անօթևան վիճակում էր, և թատրոնի գլխավոր ռեժիսորը փորձել է գտնել այնպիսի տարածք, որտեղ կարող էին ներկայացումներ անել։ Նա նշեց, որ թատրոնի անդամները  վերջապես կանգ առան Գրապալատի հուշարձան-շենքի վրա, սակայն, ըստ Մեսչյանի, այդ շենքը հուշարձան չէ, և որոշակի փոփոխություններ կարող են այնտեղ անել։

«Ես չեմ հասկանում՝ ինչի համար է այսքան լուրջ աղմուկ բարձրացել։ Հարցն այն է, որ վերջնական նախագիծը, որի հիման վրա պետք է շինարարությունը արվի, դեռ հաստատված չէ։ Ընդհանուր մոտեցումը կա, բայց վերջնական լուծումների վերաբերյալ կարող են լինել փոփոխություններ։ Այդ կառույցում, իհարկե, կարող է թատրոնը լինել»,- ասաց նա։

Մեսչյանը, պատասխանելով այն աղմուկին, որ շինարարությունը կարող է աղճատել կառույցի տեսքը, պատասխանեց՝ պետք է ճիշտ և նրբություններով աշխատել։ «Երևանում այնքան աղճատված կառույցներ կան, որոշները շատ ավելի արժեքավոր են»,- նշեց ճարտարապետը։

Շենքի համար պայքարողները նշել էին, որ անընդունելի է շենքի հարկերի բարձրացումը, Մեսչյանը նշեց, որ հարկի բարձրացում սպասվում է միայն անկյունային հատվածում, և ըստ նրա՝ եթե գրագետ արվի շինարարությունը, ապա կարելի է դա անել, նա խնդիր չի տեսնում։

Արթուր Մեսչյանը, անդրադառնալով շինթույլտվությունների կարգին, ասաց, որ համապատասխան փաթեթները ներկայացվում են քաղաքապետին, ով էլ տալիս է շինարարության վերջնական եզրակացությունը։

  • Կիսվել: